Վարդան Գյուլնազարյան
ծնվ. 19.03.2002թ, ք. Երևան
«Իմ աշխարհում արև կա»
Վարդանի հանդեպ ընտանիքում ուշադիր են: Ապրում է տատիկի և հոր հետ: Տարիներ առաջ տղայի մայրը մահացել է: Նրա կյանքում շատ կարևոր մարդու ուշադրությունը պակասել է, բայց տատիկը թոռնիկի կողքին է, օգնում է ինչքան կարողանում է: Մանկական ուղեղային կաթվածով ապրող երեխային հեշտ չէ մենակ խնամելը, որդին էլ չի աշխատում: Այս ընտանիքում արևի պակաս են զգում, այն արևի, որը նոր օրվա հույս է արթնացնում, թե ամեն ինչ մի օր ավելի լավ է լինելու: Այս հույսով ապրում է նաև Վարդանը: Չի խոսում, չի քայլում, ընտանիքի ծանր սոցիալական պայմաններից առանձնապես տեղյակ չէ. շատ բան չի գիտակցում, բայց որ նրա մեջ արև է ապրում, հաստատ է: Այս երեխաներն իրենց աշխարհում ապրում են միայն իրենց ծանոթ զգացողությունների հետ: 2006 թվականից Վարդանը «Դիակոնիա» բ/հ-ի շահառու է: Նրան ամեն ամիս հատկացվում է պարենամթերք, հոգեմետ դեղեր, տակդիր, ընտանիքը նաև դրամական օժանդակություն է ստանում: Այս մարդկանց կյանքը նման է սառը, անգույն գծանկարի, որին ջերմություն ու արև կարող են ավելացնել հոգատար մարդիկ:
Եթե Ձեզ հուզեց այս երեխայի ճակատագիրը, և նրա ընտանիքին օգնելու ցանկություն ունեք, դիմեք «Դիակոնիա» բ/հ գրասենյակ կամ գրեք Հիմնադրամի էլ.փոստի հասցեին: