Սամվել Ղազախյան

ծնվ. 14.04.2004թ., ք.Երևան

«Ես կբուժեմ իմ մայրիկին»

Անհայրությունը մեր դարի արատներից մեկն է: Երբ հայրդ չկա ֆիզիկապես, դու ապրում ես նրա հետ կապված լավ կամ վատ հիշողություններով, դրանք կան ու քո՛ հոր հետ են կապված: Երբ հայրդ լքում է ընտանիքը, նրա հետ կապված ամեն տեսակի հիշողություն ու իրողություն ուզում ես անվերադարձ ջնջել կյանքիցդ:
Ի՞նչ է զգում Սամվելը հոր հետ կապված, չգիտենք: Այս թեմայով տղայի հետ խոսել չենք էլ փորձել. ցավոտ թեմա է. տարիներ առաջ հայրը լքել է ընտանիքը: Հիմա Սամվելը մոր ու քրոջ հետ ապրում է մորաքրոջ տանը: Առանձին ապրելու ոչ մի պայման չունեն: Այսպիսի դեպքերում սովորաբար մայրը երեխաների համար փոխարինում է նաև հորը: Սիրո ու ջերմության առումով Սամվելի մայրն ամեն ինչ անում է, որ գոնե այս հարցում երեխաները պակասի խնդիր չունենան, բայց շատ բան տալ չի կարող. քաղցկեղով հիվանդ է…
Տղան իր ցավերով ու հոգսերով լի ներկայի հետ չի կապում ապագան: Սովորում է Պարարվեստի պետական քոլեջում, դպրոցում էլ լավ առաջադիմություն ունի, հատկապես հեշտ են տրվում հումանիտար առարկաները, անգլերեն լեզուն առանձնահատուկ է սիրում: Ծրագրել է անպայման բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել, որպեսզի… բուժի մայրիկին: Այս ընտանիքի կարիքների մասին «Դիակոնիա» բ/հ-ն իմացել է 2011թ.-ից: Ամեն ամիս ընտանիքն օգտվում է սննդօգնության, հագուստի օգնության ծրագրերից, տոնական օրերին նաև նվերներ են ստանում:
Մեծ երազանքներն իրականություն դարձնելու համար նաև մեծ ջանքեր են պետք ու նաև բարերար, սրտացավ մարդիկ, իսկ շնորհալի երեխաներին աջակցել ցանկացողները հիմա կարող են հավատով ցանել, որովհետև վաղն այդ օգնությունը գեղեցիկ ու աստվածահաճո պտուղներ կտա:

Եթե Ձեզ հուզեց այս տղայի ու նրա ընտանիքի ճակատագիրը, և նրան օգնելու ցանկություն ունեք, դիմեք «Դիակոնիա» բ/հ գրասենյակ կամ գրեք Հիմնադրամի էլ.փոստի հասցեին: