Շուշանիկ Գրիգորյան
ծնվ. 02.07.1998թ., ք. Երևան
«Իմ երազանքից ես չեմ հրաժարվի»
Տասը տարի առաջ Շուշանիկն ու նրա եղբայրը` Ռաֆայելը, ընդգրկվեցին Հիմնադրամում որպես անօթևան և սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ: Հիմա Շուշանիկը 18 տարեկան է, եղբայրը` 14 տարեկան: Երեխաներն ապրել են ծնողների հետ, բայց հայրը մշտական աշխատանք չի ունեցել: Դրամի պակասը ընտանիքին դրել է ծանր կացության մեջ: Ամուսինների հարաբերություններում հաղթել է անհանդուրժողականությունը, և նրանք 1,5 տարի առաջ բաժանվել են: Հայրը երեխաների հետ իր կապը չի խզել, բայց նյութապես նրանց օգտակար չի կարողանում լինել: Մայրը` Աննան, 43 տարեկան է: Ամուսնալուծությունից հետո երեխաների հետ տեղափոխվել է իր քրոջ բնակարան, քանի որ բնակարան վարձակալելու հնարավորություն չունեն…
Շուշանիկը դեռ դպրոցում էր որոշել դառնալ պատմության ուսուցչուհի կամ ուղեվար: Միայն չէր երազում, նաև սովորում էր, որ իրականացնի երազանքը: 2015թ. Շուշանիկն իր ուժերով ընդունվում է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Կերպարվեստի պատմություն և տեսություն» բաժին և արդեն 2-րդ կուրսի ուսանողուհի է: Երբ թվում էր, որ արդեն երազանքներն իրականանում են, դրամի պակասը նորից արգելք է դառնում: Ուսման տարեկան վարձը 362.000 դրամ է: Աղջիկը ստիպված է լինում աշխատանք գտնել, որպեսզի համատեղի ուսումն ու աշխատանքը` ուսման վարձը վճարելու համար, սակայն աշխատանքը հերթափոխով էր և ուսման հետ հնարավոր չէր համատեղել: Փոխում է աշխատանքը. ապրուստի միջոցներ են պետք, բայց սովորելու երազանքից չի հրաժարվում: Հիմնադրամն աջակցել է աղջկան` հատկացնելով 2–րդ կուրսի 2-րդ կիսամյակի համար անհրաժեշտ գումարի մեծ մասը`160.000 դրամը: Այս տարին էլ կավարտվի, հաջորդը կգա: Շուշանիկն իր հույսը չի կորցնում, բարի մարդիկ իրեն չեն անտեսի, ինքն էլ կաշխատի, ամեն ինչ կանի, որ մի օր սկսի մեր քաղաքի հյուրերին պատմել Երևանի, Հայաստանի գանձերի մասին, աշխարհում ապրող բարի մարդկանց բարի արարքների մասին ու ոչ նյութական այն ժառանգության, որը դրամով չես գնի, բայց կթողնես, եթե սիրով ու հավատով ցանես: