Նուդնի Մարատ
ծնվ. 01.03.1993.թ
«Ես ապրում եմ իմ աշխարհում»
Ասում են` ամեն մարդու ծնունդը նախասահմանված է, ամեն մեկն իր աստղն ունի տիեզերքում: «Երջանիկ աստղի տակ է ծնվել» արտահայտությունը միշտ չէ, որ կարող ես կիրառել մարդկանց բնութագրելիս: Եթե հաճախ մարդու կյանքի հաջողություններն ու անհաջողությունները հիմնականում պայմանավորված են լինում նույն այդ մարդու` կյանքի, մյուսների հանդեպ վերաբերմունքով, կան դեպքեր, երբ անձամբ դու ծնունդի քո իրավունքով ոչինչ չես կարող փոխել քո կյանքում: Մարատը սահմանափակ հնարավորություններով երեխա է, կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Բժշկական ախտորոշումը մի կողմ թողնենք. Նա ապրում է մեր կողքին, մեր հասարակության մեջ, սակայն մեզանից առանձնացված կյանքով: Այդ աշխարհում նա մենակ է իր մտքերի հետ, չի խոսում, հաճախ զայրանում է, կռիվ տալիս ձեռքն ընկած պոլիէթիլենային տոպրակների հետ, գոռում: Մայրը չի լքում Մարատին, օգնում է նրան ինչքան ներում են ուժերն ու գիտելիքները, բայց ավելին տալ չի կարող: Ապրում են պետության կողմից հատկացված նպաստով և Մարատի հաշմանդամության նպաստով: «Դիակոնիա» բարեգործական հինադրամն այս ընտանիքի կողքին է, աջակցությունը չի սահմանափակվում միայն սնունդ, հիգիենայի պարագաներ, դեղորայք տրամադրելով: Հիմնադրամի մանկաբույժն ամեն ամիս այցելում է նրանց, ծանոթանում երեխայի վիճակին, զրուցում մոր հետ:
Մարատը սիրում է երաժշտություն լսել: Ու թող ոչ ոք չասի, որ իր աշխարհում նա ապրում է մենակ. երաժշտության հետ նա իր զրույցն ունի… ոչ բարձրաձայն: