Մարիամ Անանյան
ծնվ. 20.11.2003թ., ք. Երևան
«Ես հիմա արթնանում եմ իմ տանը»
2017 թվականի օգոստոսին կլրանա այն 9 տարին, ինչ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը Սեդա Ղուշչյանի ու նրա երեք աղջիկների կողքին է: Տիկին Սեդան հիմա 53 տարեկան է: Իր ապրած տարիների մասին ցավով ու հոգոդողով է խոսում: Հոռետես մարդ չէ, բայց մղձավանջային անցյալը փորձում է մոռանալ: Ներկան հուսադրող է, ապագայի հետ կապված էլ մեծ հույսը չի կորցնում: Սեդան 1-ին կարգի հաշմանդամ է: 2010 թվականից կուրացել է. հավկուրությունը տարիների ընթացքում վերածվել է ցանցաթաղանթի պիգմենտային ձևափոխության ու կինը կորցրել է տեսողությունը: Ամուսինը` Արմենը, նույնպես տեսողական խնդիրներ է ունեցել, սակայն կնոջից ամուսնալուծվել է 6 տարի առաջ` թողնելով նրան ու իրենց երեք աղջիկներին բախտի քմահաճույքին: Սեդան ու աղջիկները ապրել են շատ ծանր պայմաններում: Ոչ տուն են ունեցել, ոչ հեռանկար: 40 հազար հաշմանդամության թոշակ, որով պետք է վճարեր տան վարձը, կերակրեր երեխաներին… Ամուսնու հեռանալուց հետո նրանց սննդի միակ աղբյուրը «Դիակոնիա» բ/հ-ի ամենամսյա սննդի օգնությունն է: Չնայած զրկանքներին ու սոսկալի պայմաններին, որում մեծացել են երեխաները, դպրոցում լավ են սովորել ու ձգտել են բարձրագույն կրթություն ստանալ:
Սեդայի ավագ դուստրը` Քրիստինեն, հիմա 27 տարեկան է, ունի 3-րդ կարգի հաշմանդամություն (ՄՈՒԿ, որն արտահայտվում է մկանային թուլությամբ), ունի նաև տեսողական խնդիրներ: Քրիստինեն հաղթահարելով իր դժվարությունները` 2007թ.-ին ընդունվել և 5 տարի սովորել է «Հայբուսակ» համալսարանում, որտեղ ստացել է դեղագործի մասնագիտություն: Նրան ընդունելության քննություններին նախապատրաստվելու, իսկ հետո նաև ուսման վարձավճարի հարցերում օգնել է Հիմնադրամը, և այսօր ընտանիքի կարիքներն իր աշխատանքով հոգում է նաև Քրիստինեն: Նա իր մասնագիտությամբ աշխատում է Երևանի դեղատներից մեկում:
Սեդայի 2-րդ աղջկան, արդեն 25 տարեկան Սիրանուշին, նույնպես բարձրագույն կրթություն ստանալու հարցում օգնել է Հիմնադրամը: Նա ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի «Բեմանկարչություն» բաժինը: Շատ է սիրում իր մասնագիտությունը: Դեռ աշխատանք չի գտել, բայց հավատում է, որ կգտնի:
Ընտանիքի կրտսերը` Մարիամը, դեռ 13 տարեկան է, առայժմ դպրոցական է, շատ խելացի ու ուսումնատենչ երեխա է, նկարում է, ինչպես ասում են` ձեռքի շնորհքով աղջիկ է: Տիկին Սեդային ճակատագիրը երեխաների հարցում չի նեղացրել:
2016թ. հոկտեմբերը տիկին Սեդան ու նրա աղջիկները դեռ շատ կհիշեն…
Այն տունը, որտեղ տարիներ շարունակ իր աղջիկների հետ ապրել էր Սեդան, սեփականատերը որոշել էր վաճառել: Չնայած տունն ուրիշինն էր, բայց կույր կինն արդեն սովորել էր այդ տան բոլոր անկյուններին, ասես տեսնում էր ամեն ինչ: Հարազատներն ու բարեկամները սկսեցին գումար հավաքել, բայց հավաքված գումարը շատ քիչ էր, որպեսզի Սեդան կարողանար գնել իրեն ծանոթ բնակարանը: Սեդան իր երեխաների հետ փողոցում հայտնվելու վտանգի առաջ էր կանգնած:
Ծանոթ լինելով ընտանիքի բոլոր խնդիրներին` Հիմնադրամի տնօրինությունը որոշում կայացրեց նեցուկ լինել Սեդային: Հիմնադրամը հատկացրեց տան համար պահանջվող պակասող գումարը: Եթե ասենք` Սեդան երջանիկ էր, կնշանակի միայն մի մասն ենք փոխանցում, այն անսահման երջանկության, որն ապրեց այս ընտանիքը: Հիմա Սեդան ու աղջիկներն ամեն առավոտ արթնանում են իրենց բնակարանում, տան վարձ էլ չեն վճարում, իսկ մնացած խնդիրները հոգում են իրենց ուժերով ու բարի մարդկանց օգնությամբ: