Մայրիկիս երազանքն անպայման կիրականացնեմ

Երբ ծանոթացանք Անժելիկային ու նրա 11-ամյա եղբորը, երեխաները հոգեպես ճնշված էին, վախվորած։ Նրանք կորցրել էին իրենց հորը։ 52–ամյա տղամարդը «Արարատ 73»-ի ֆուտբոլիստներից էր։ Ապրել էին բավականին համեստ պայմաններում։ Հոր մահից հետո երեխաների ուսերին էր մնացել մոր խնամքը․ մայրը ծանր հիվանդ էր, տառապում էր փղախտով։ 44-ամյա կինը դարձել էր ծանրաքաշ։ Երեխաները մեծ ջանքեր էին գործադրում, որպեսզի կարողանային իրենց մորը հասցնել բնական կարիքները հոգալու։ Մորաքույրն օգնում էր տան գործերում, բայց ավելին անել չէր կարող․ հիվանդության վերջին փուլն էր։ Հոր մահից մեկ տարի էլ չանցած Անժելիկան և Էրիկը կորցնում են նաև իրենց մորը։ Որբացած երեխաներին իր խնամքի տակ է առնում մորաքուրը՝ Անժելա Մարդիյանը։ Չնայած սուղ հնարավորություններին (մորաքրոջ ընտանիքը՝ որդին, հարսը և թոռնիկը, ապրում է վարձակալած բնակարանում) մորաքույրը երեխաներին մենակ չի թողել։
Անժելիկան շուտով կավարտի դպրոցը։ Երազում է սովորել Լեզվաբանական համալսարանում, որտեղ նաև երկրորդ մասնագիտություն ստանալու հնարավորություն կունենա (տուրիզմի բնագավառն էլ է նրան հետաքրքրում)։ Դպրոցում լավ է սովորել։ Չնայած հիվանդությանը՝ մայրը միշտ ստուգել է տնային առաջադրանքները, հետևել, որ երեխաները բոլոր դասերը պատրաստած դպրոց գնան։
Ընդունելության քննություններին պատրաստվելու համար նա պետք է հայերենի և անգլերենի անհատական պարապմունքների հաճախի։ Գումարի հարցը շատ կարևոր է․ մորաքույրն այս հարցում ոչինչ անել չի կարող խոհարարի իր չնչին աշխատավարձով։ Անժելիկան չի վհատվում, դեռ սովորում է ու հույսը չի կորցնում։ Նա նաև բարոյական ու հոգեբանական աջակցության կարիք ունի․․․ Վերքերը դեռ թարմ են։
Աշխարհում ԱՆժելիկայի և Էրիկի ճակատագրով երեխաներ շատ կան, բայց քիչ չեն նաև այն մարդիկ, ովքեր ուղղակի անտարբեր չեն կարողանում մնալ օգնության կարիք ունեցող երեխաների ճակատագրի հանդեպ։