Հովսեփ Դավթյան

ծնվ. 24.04.1993թ., Լոռու մարզ, գյուղ Աքորի

«Ես պետք եմ իմ գյուղին, ես պետք եմ մարդկանց»

Հովսեփի համար Աքորին ամենագեղեցիկ գյուղն է աշխարհում: Լոռվա բնությունը գովերգել չենք ուզում. հանճարեղ Լոռեցուց ավելի լավ անել չի ստացվի:
Մանկության տարիների հիշողություններն ուրախ են, ուրախ` անկախ այն հոգսից, որում մեծացել է Հովսեփը: Գյուղի իրականության մեջ բնությունից բացի, ամեն ինչ սև-սպիտակի մեջ է. միապաղաղ առօրյա` հող մշակի, անասուն պահի, հանդ գնա: Մի խոսքով` ծանր հոգս` չնչին արդյունքի դիմաց: Հովսեփը գիտեր, որ եթե լավ չսովորի, բարձրագույն չընդունվի, իրեն էլ է նույն բանը սպասում: Չէ՛ր ուզում:
Սովորեց, ավարտեց դպրոցն ու եկավ Երևան: Ընդունվեց Պետական համալսարանի իրավագիտության բաժին: Սովորում էր հեռակա համակարգով: Մնալու տեղ չուներ, բնակարան պետք է վարձեր, մնացած կարիքները հոգար, մի թեթև աշխատանք գտներ, որ կարողանար մի կերպ ապրել: Ծնողները շատ բանով օգնել չէին կարող: Ապրում եին հիվանդ մոր 24.000 դրամ թոշակով ու տնամերձից ստացած չնչին բերքի հույսով: Եղբայրներից մեկն ամուսնացել է, կնոջ ու երկու երեխաների հետ ապրում է ծնողների տանը, մյուսն էլ` Վալերին, աշխատանք գտնելու հույսով մեկնել է ՌԴ: Հետ գնալ գյուղ, չէր կարող. չէր ուզում վշտացնել ծնողներին, տղայի հետ նրանք մեծ հույսեր էին կապում ու, բացի դա էլ, Հովսեփը չէր ուզում հրաժարվել իր երազանքից: Երեք տարի ուսման վարձը մի կերպ հասցրին: Եղբայրը պարտքով գումար էր վերցնում և Ռուսաստանից ուղարկում էր, որ Հովսեփը դուրս չմնա համալսարանից: Բայց մի օր այդ հնարավորությունն էլ չկար, ու տղան կանգնեց համալսարանից դուրս մնալու իրական վտանգի առաջ: Դիմեցին «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին: Ուսումնասիրելով Հովսեփի պատմությունը` Հիմնադրամը ստանձնեց տղայի ուսման երկու տարիների վարձավճարը փոխանցելու պատասխանատվությունը: Հովսեփն ավարտեց համալսարանը: Հիմա Ալավերդի քաղաքի փաստաբանական գրասենյակներից մեկում ոչ բարձր աշխատավարձով աշխատանք է գտել, ինչի համար շատ ուրախ է: Հովսեփը մտադիր է ուսումը շարունակել Երևանի Փաստաբանների դպրոցում, ինչը նրան հնարավորություն կտա լրացնել մասնագիտական բոլոր բացերը, բարձրորակ կրթություն ստանալ, իր մասնագիտության մեջ կայանալ և առավել մեծ հաջողությունների հասնել: Այսպիսով նա վերջապես կիրականացնի իր կյանքի գերագույն նպատակը. կկարողանա իր ընտանիքին հանել դժվարին կացությունից:
Աքորի գյուղից մեկը հասավ իր նպատակին` շնորհիվ իր նպատակասլացության և բարերարների աջակցության: Նրա երկու եղբայրները չարեցին դա. Ո՞վ գիտի, գուցե բոլորն իրենց ուժերով միաբանվեցին, որ սովորի Հովսեփը: Ինչևէ: Իսկ եթե տասնյակ, հարյուրավոր մարդիկ միաբանվեն` տասին օգնելու համար, այդ տասն էլ հետագայում ամեն մեկը` էլի տասը մարդու… Մենք վաղը կհավաքենք այն, ինչ ցանել ենք այսօր:

Հովսեփն առողջական խնդիրներ ունի` վերին վերջույթների թեթև տրեմոր (նյարդային հիվանդություն է, որն արտահայտվում է հիմնականում կծկումների տեսքով): Հիվանդության պատճառով Հովսեփն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: