Տուն` մանկատան փոխարեն

Լուսանկարի մեջ` ձախից աջ.
Մովսես (15), Միքայել (11), Արփինե (5), Մարիամ (13)

— Հիմա երջանիկ եմ, երջանիկ եմ մի քանի օրով: Տանն եմ, բոլորս միասին ենք: Կարողանում եմ բավարար ժամանակ անցկացնել փոքր քույրիկիս հետ: Նա այնքան բարի է , ուրախ: Նրա հետ ժամանակն ուրախ է անցնում: Միքայելը մի քիչ չարաճճի է, շարժուն, բայց լավ սիրտ ունի, ինձ համար դաշտից ծաղիկներ է հավաքում: Ես շատ եմ սիրում ծաղիկներ, դաշտի ծաղիկներ: Երազանքներ շատ ունեմ: Ամեն օր աղոթում եմ, որ ծնողներս առողջ լինեն, որ մեր գյուղի հետևում կրակոցներ չլսվեն, որ ես կարողանամ մի օր բժիշկ դառնալ․․․
Մարիամի հետ ամբողջ զրույցը կարելի է պատմել ու պատմել: Այս մի քիչ թախծոտ ու բարի էակը մեծանում է մանկատանը: Նա ու մեծ եղբայրը` Մովսեսը, տարվա մեջ մի քանի օր են կարողանում տանը լինել, իրենց ծնողների մոտ: Ծանր պատմություն է․ երեխաները ունեն ծնողներ, նրանք ունեն տուն, տունն ունի չորս սենյակ, բայց այս երեխաները պետք է մեծանան մանկատանը: Երեխաներն իրենք դժվարանում են պատասխանել այս հարցերին: Երեխաների հայրը` Կարենը (36 տարեկան), տանը չէր: Նա լուսաբացին դուրս է գալիս ու մի քանի օր չի վերադառնում: Այս ընտանիքն ապրում է սահմանամերձ Թթուջուր գյուղում: Կարենն առանց համազգեստի գնում է դեպի սահման։ Նրա կինը` Վարսիկը (27 տարեկան), և երկու երեխաները`Միքայելն ու Արփինեն մնում են տանը: Վարսիկը Կարենի երկրորդ կինն է: Մովսեսի ու Մարիամի մայրը լքել էր իր երեխաներին դեռ յոթ տարի առաջ: Վարսիկը հիանալի մայր է այս երեխաների համար: Մեր հանդիպման ժամանակ երեխաները նրա մասին խոսում էին այնպես, ինչպես կխոսեն իրենց հարազատ մոր մասին: Վարսիկը պատմեց, որ երեխաներից երկուսը մանկատանն են մեծանում:
«Ես կահույքի մասին չեմ էլ երազում․․․ գոնե լիներ մեկ սենյակ, սենյակն ունենար դուռ ու լուսամուտ, այդ ժամանակ կկարողանայինք երեխաներին բերել տուն»: Գյուղական այդ մեծ տան մեծ ընտանիքն ուներ միայն մեկ սենյակ։ 25 քմ սենյակում վառարան կար, 2 հատ հին մահճակալ, մի քանի աթոռ: Տարիներ առաջ Կարենի ծնողներն են սարքել տունը, ու մնացել է անավարտ: Անգամ սանհանգույց չունեն: Այգում փորած փոս՝ առանձնացված տախտակի կտորներով, ու մի հին կարպետ դռան, փոխարեն․․․ Սա է ծառայում որպես զուգարան թե ամռանը, թե ձմռանը: Երեխաները և մեծերը լողանում են տան չնորոգված սենյակներից մեկում․․․ դույլով ջուր են բերում ու․․. Այս թեմայով Վարսիկը նույնիսկ չխոսեց: Նա շնորհակալ է Աստծուն, որ երեխաներն առողջ են, որ ամուսինը կարողանում է օգտակար լինել իր հայրենիքին ու իր գյուղին: Այսքան հոգսի մեջ Վարսիկից ու երեխաներից այնպիսի մի աննկարագրելի ջերմություն էր գալիս ու այնպիսի տրամադրություն, որ նույնիսկ անհարմար էինք զգում ցույց տալ մեր զգացողությունը։
«Եթե կարողանայի տուն գալ, կօգնեի մայրիկիս: Մենք այգի ունենք, այնտեղ շատ բանջարեղեն կարող ենք ցանել: Ես գազար եմ սիրում, փոքր քույրիկս` խնձոր․ մեր գյուղում աճում են: Այ մանդարին չեմ սիրում, քանի-որ մեր գյուղում մանդարին չի աճում»,-ասում էր Մովսեսն ու խորամանկ ժպտում: Նա ուզում է շուտ մեծանա ու մյուսների հետ գնա մայրաքաղաք․ երազում է տեսնել Երևանը, լինել կինոյում:
Զրույցի ժամանակ իմացանք, որ երեխաների մայրը մասնագիտությամբ վարսահարդար է: Նա է հարդարում ու խնամում իր երեխաներին: Պատրաստ է նաև շինարարություն անել, պատերը ներկել, քարերը տեղափոխել: Ցանկացած աշխատանքի համար բաց ու պատրաստակամ այս մարդկանց որոշեցինք օգնել բարեսիրտ մարդկանց շնորհիվ: Նախագիծը ներկայացվում է հետևյալ նպատակով` նորոգել մեկ սենյակ Մարիամի ու Մովսեսի համար, հնարավորության դեպքում կառուցել փոքր սանհանգույց, ձեռք բերել երկու մահճակալ, մեկ պահարան ու մեկ գրասեղան: Սենյակը, որ պետք է նորոգվի, շատ մեծ չէ, մոտ 40 քմ, ունի երեք պատուհան ու դռան համար նախատեսված մեկ տեղ: Պետք է նորոգվի առաստաղը, պատերն ու հատակը: Նախագծին զուգահեռ երեխաները կընդգրկվեն նաև անհատական հովանավորչության ծրագրում, կստանան սնունդ, հագուստ ու վառելափայտ: Հրաժեշտ տալով այս ընտանիքին՝ մենք շատ բան չխոստացանք, բայց խոստացանք կրկին վերադառնալ ու ավելի կոնկրետ աշխատել նրանց խնդիրների լուծման շուրջ։