Հայկ Մարգարյան
ծնվ. 31.07.2005թ., ք.Երևան
«Երբ մեծանամ անպայման լավ մարդ եմ դառնալու»
Երեխայի աչքերի մեջ նրա աշխարհն է արտացոլվում։ Հայկի աչքերի մեջ այդ աշխարհում ուրախն ու տխուրը միախառնված են, որբացել է տղան, 2006 թվականին ավտովթարից մահացել է հայրը, 2015-ին էլ քաղցկեղից մահացել է մայրը։ Տատիկը, Հայկից մեծ երկու քույրերն են փոխարինում ծնողներին։ Ասում են՝ վիշտը միաբան է սարքում ընտանիքի անդամներին։ Ընտանիքի անդամները խնայում են միմյանց, սեր ու ջերմություն տալիս։ Սոցիալական ծանր պայմանները թույլ չեն տալիս բարեկեցիկ պայմաններում ապրել, ընտանիքում աշխատում է միայն Հայկի ավագ քույրը։ Չորս հոգանոց ընտանիքի հույսը նա է։ Ճակատագրի ծանր հարվածներից Հայկը չի կորցրել կյանքի, մարդկանց հանդեպ սերը։ Շատ խելացի է, շնորհալի։ Հաճախում է ժողովրդական պարերի խմբակ, զբաղվում է կարատեով։ Շատ մրցումների է մասնակցել, լավ արդյունքներ է գրանցել։ Այս նախասիրությունները չեն խանգարում, որպեսզի նա նաև դպրոցում գերազանց առաջադիմությամբ սովորի։ Առանձնահատուկ սեր ունի հայոց լեզու, հայ գրականություն, հայ ժողովրդի պատմություն առարկաների նկատմամբ։ Տղան նպատակ ունի՝ անպայման բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել, մասնագիտություն ձեռք բերել ու արժանավայել կյանք ապահովել իր հոգատար տատիկի ու քույրիկների համար։ Տան միակ տղամարդը տղամարդկային ծրագրեր է կազմում։ 2011 թվականից Հայկը «Դիակոնիա» բ/հ-շահառու է: Հիմնադրամն աջակցության տարբեր ծրագրերով ամեն ամիս օգնում է այս ընտանիքին, ֆինանսավորվել է նաև տղայի կույր աղիքի վիրահատությունը։
Եթե Հայկ Մարգարյանի ճակատագիրը մտահոգեց Ձեզ, եթե ուզում եք օգնել նրան կայանալ այս կյանքում, դիմեք Հիմնադրամին կամ գրեք մեզ մեր էլ.փոստի հասցեով։