Էրիկ Խաչատրյան

ծնվ. 16.09.1999թ., ք. Երևան

«Ես սիրում եմ զրուցել փայտի հետ»

Էրիկն է Խաչատրյան: Ապրում է Երևանում, լիարժեք ընտանիքում` ծնողներ, երկու եղբայր, քույր, տատիկ և պապիկ: Օրվա հոգսը թեթև չէ. ընտանիքի ավագներն աշխատանք չունեն, մեծերն էլ այս առումով օգնական չեն կարող լինել, բայց ծնողներն ուզում են, որ որդին չկորչի, մի բանի հասնի: Դպրոցը կիսատ չթողեց, անցավ նաև ավագ դպրոց: Չնայած սովորելու հետ կապված առանձնապես սեր չունի. առաջադիմությունը թույլ է, բայց դեռ մանկուց արհեստների հանդեպ մեծ հետաքրքրություն է ունեցել: Ժամերով կարող էր առանձնանալ, ձեռքի տակ եղած փայտի մի կտորի հետ կռիվ տալ այնքան, մինչև որ ցանկալի պատկերը ստանար: Այդ կռիվն աստիճանաբար վերածվում էր գեղեցիկ զրույցի` օրեցօր տան արձանների թիվն ավելացնելով, ինչպես նաև տանն անհրաժեշտ առարկաներ պատրաստելով: Իհարկե, ծնողները նկատում էին երեխայի ունակությունները, սակայն լրացուցիչ կրթություն ստանալու և անհրաժեշտ գործիքներ գնելու հնարավորություն չկար: Տղան չհրաժարվեց իր երազանքից, շարունակում էր ինքն իր համար ստեղծագործել: 2003 թվականից «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը Էրիկին վերցրեց իր հոգածության տակ և Էրիկը դարձավ հիմնադրամի շահառու: Տղայի երազանքի մասին տեղեկացան հովանավորները. փայտամշակման համար անհրաժեշտ գործիքներ գնեցին, դնելով տղայի մանկության երազանքի հիմնաքարը: Հիմա նա մասնագիտական կրթություն է ստանում, և ինչպես ինքն է ասում, — կյանքում հրաշքներ տեղի են ունենում:
Այո, ինչպես ասում են` երբ հավատում ես երազանքիդ, քեզ էլ են հավատում և աջակցում: Հիմա տղայի կյանքը նոր գույներ է ստացել, ընտանիքն էլ է լցվել հույսով, որ մի օր տղան լավ կահույքագործ կդառնա ու կօգնի իր ընտանիքին, և այս հարցում արդեն «վարպետ» Էրիկն իր օգնական-աշակերտներն ունի. երկու եղբայրների համար Էրիկն օրինակ է ոչ միայն վարպետի, այլև իր երազանքին հավատացող ու դրա հետևից գնացող մարդու:
Մի օր, երբ ինչ-որ մի տեղ տեսնեք Էրիկ Խաչատրյան ինքնագրով փայտե գեղեցիկ աշխատանքներ, իմացեք, որ նա մեր Էրիկն է, մեկն այն երեխաներից, որոնք չեն հրաժարվում իրենց երազանքներից: Դուք էլ կարող եք դառնալ մեկն այն բարերարներից, ովքեր նկատում են շնորհալիներին և հնարավորություն տալիս բացահայտել նրանց տաղանդը: