Էսպես էլ ապրում ենք …
Մենք ապրում ենք 20-րդ դարում
ձախից աջ
Հաղթիկ Մանուկյան 01.10.1945 (պապիկ)
Արթուր Մանուկյան 25.07.2004 (երեխա)
Մանյա Մանուկյան 16.08.1954 (տատիկ)
Աննա Նազարյան 28.12.1981 (մայր)
Արամ Մանուկյան 06.11.2009 (երեխա)
Հովհաննես Մանուկյան 09.04.2003 (երեխա)
Վայոց ձորի մարզի Շատին գյուղի համայնքապետ Տիգրան Խուդոյանի խնդրանքով այցելեցինք գյուղ՝ գյուղացիների և նրանց կենցաղային պայմաններին ու ապրելակերպին ծանոթանալու նպատակով: Չնայած որ սոցցանցերում բավականին լավ է ներկայացրած գյուղի վիճակը, բայց այդ տեղեկատվությունը շատ թերի է, հաճախ նաև չի համապատասխանում իրականությանը: Իրականում պատկերը սարսափելի է… Աղքատությունը գյուղի տիրակալն է և կարծես չի ուզում հեռանալ: Երևանից 120 կմ հեռավորության վրա գտնվող Շատինն ունի մոտ 2100 բնակիչ: Գյուղը գազաֆիկացված չէ, մարդիկ ջեռուցում են իրենց տները ինքնաշեն վառարանով՝ փայտով կամ գոմաղբով: Մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ, մասնավորապես` խաղողագործությամբ: Մի դպրոց ունեն` 230 աշակերտով, անվճար նախակրթարան կա, պարի և սպորտի խմբակներ կան, բայց սրանք գործում են միայն գարնանն ու ամռանը: Սարերի միջև գտնվող գյուղում մարդիկ ապրում են կավաշեն տներում: Սա դեռ ոչինչ. անձրևների ու ձնհալի ժամանակ սողանքի վտանգն էլ մի ուրիշ մարտահրավեր է դառնում, էլ չասենք գայլն ու գազանը: Մարդիկ, չնայած իրենց թշվառ պայմաններին, սրտաբաց են:
…. Մանուկյանների ընտանիքն է: Նրանց տունը կառուցվել է 1959թ.-ին և մինչ օրս շինարարական ոչ մի աշխատանք չեն կատարել: Սարի փեշին` քարքարոտ վայրում գտնվող այս տունը նաև վթարային է: Ամեն վայրկյան սողանքից կարող է քանդվել: Ոչ այգի ունեն, ոչ բակ: Բաղնիք… չկա, զուգարանն էլ /եթե կարելի է դրան զուգարան կոչել/ դրսում է, որտեղ հասնելու համար ճամփա պիտի կտրես-անցնես: Բաղնիքի նպատակով առանձնացված անկյունում ձմռանը լողանալ հնարավոր չէ. ճեղքերն այնքան մեծ են, որ խոնավ տարածքի պատերի անցքերից պարզ երևում է դրսի պայծառ լույսը: Ձմռանը սանհանգույցից օգտվելն իրական հերոսության նման մի բան է դառնում. անկոչ հյուրերը` արջերը, գյուղ են իջնում… Երեխաները ստիպված իրենց բնական կարիքները հոգում են տանը` դույլի մեջ, մեծերն էլ մինչև լուսաբաց մի կերպ դիմանում են: Մռայլ ու խոնավ տան պատերին արդեն բուսականություն է աճում, սիկ խոնավության հոտը… Երեխաներն իրենց սեփական անկյունը չունեն, դասերը հերթով են անում. հյուրասենյակում միայն մեկի համար տեղ կա: Չէ… սա անբախտ մարդկանց մասին տխուր հեքիաթ չէ. սա իրականություն է, որից ցնցվել էինք: Ու այս տանն ապրում են երեխաներ, որոնք ամեն վայրկյան մտածում են, բա որ տունը փլվի, բա որ խաղալիս հենվեն պատին ու պատը փուլ գա, բա որ հոսանքի պոկրտված լարերին անզգույշ կպնեն ու հյուրասենյակի լույսից էլ զրկվեն /մնացած սենյակները հոսանքազրկված են/: Վերև ենք նայում` առաստաղի փտած գերաններն ենք տեսնում, մտնում ենք ննջարան կոչված սենյակը… մահճակալներն իրար կիպ են դասավորված. մի ոտնաչափ տարածք էլ չկա դրանց միջև: Աղքատիկ հյուրասենյակի կենտրոնում մի սեղան է, երկու աթոռ և մի հնամաշ թախտ, որի ոտքերից մեկին փոխարինում է գրքերի բարձր շարանը: Խոհանոց կոչվածը դրսում է: Պատուհաններին ապակի չկա. պոլիէթիլենային թաղանթով պատված շրջանակները ջերմություն չեն ապահովում, քամին էլ հաճախ պոկում է դրանք ու գազազած խաղում մարդկանց համբերության, նյարդերի ու թշվառության հետ: Ամռանը դեռ մի կերպ գոյատևում են, իսկ ձմռանը… խողովակները սառում են, ջրից էլ են զրկվում: Ու այսպիսի պայմաններում մարդիկ ապրում են, երեք անչափահաս երեխաներ մեծացնում:
….Տան անկյունում մի քանի ձկներով ակվարիում տեսանք: Մասունքի պես փայփայում են. երեխաների հոր հիշատակն է… 2016 թվականի հոկտեմբերի 4-ին 42-ամյա Նաիրին ավտովթարից զոհվել էր` ընտանիքին թողնելով առանց կերակրողի: Միակ աշխատողը նա էր, ձկնորսություն էր անում ու վաճառքից գոյացած գումարով ապրում էին, հարևանների ընկույզն էր հավաքում, էտում ծառերը ու մի 1000 դրամ էլ էդպես էր աշխատում… Ասում են` Նաիրին բոլորին հասնում էր: Եթե գյուղի տներից մեկում օձ էր հայտնվում, ապա Նաիրիին էին օգնության կանչում, նա զարմանալի ճարպկությամբ կարողանում էր անվնաս որսալ օձերին: Նաիրիի երիտասարդ կնոջ՝ 33-ամյա Աննայի հետ խոսելը շատ դժվար էր: Նա անվերջ լալիս էր: Ոչ մի կերպ չէր կարողանում պատկերացնել կյանքն առանց ամուսնու. ախր աշխատել, երեխաներին պահել չի կարող, իսկ եթե տունն էլ փլվի, կհայտնվեն դրսում… Աննայի հետ նույն տանն ապրում են 1945թ. ծնված Հաղթիկ պապիկը և 1954թ. ծնված Մանյա տատիկը: Նրանք Աննայի օգնության կարիքն ունեն: Տատիկը տարիների բեռից կռացել է, պապիկը պատերազմի տարիներին կորցրել է ոտքը և ինքնաշեն պրոթեզով մի կերպ քայլում է: Ոտքի փոխարեն` փայտ, ծնկի փոխարեն՝ երկաթի մի կտոր, որը ձեռքով ճկում է այս ու այն կողմ՝ ոտքը ծալել-բացելու համար: Նա մեզ միայն ոտքի մի փոքր մասը ցույց տվեց, մնացածն ասաց՝ ամոթ է… Զարմանալի է, որ մինչև օրս ոսկրախտ չի առաջացել: Գուցե ծերունու կամքն այնքան ամուր է, որ ապրելու ցանկությունը մի կողմ թողած՝ իր պարտքն է համարում ինչ-որ բանով օգնել կյանքից վաղաժամ հեռացած որդու ընտանիքին: Երեխաները դպրոցական են, սովորում են 7-րդ և առաջին դասարաններում: Երեխաների՝ Հովհաննեսի ու Արթուրի մեջ տարիքային տարբերություն կա, սակայն սովորում են նույն դասարանում. հայրն այդպես է ցանկացել, միասին հաճախում են դպրոց, միասին տուն գալիս: Տունն էլ գյուղի դպրոցից բավականին հեռու է: Տղաների հետ զրուցելիս հասկացանք, թե որքան մեծ ձգտումներ ունեն նրանք, բայց գյուղի սահմանափակ հնարավորությունները թույլ չեն տալիս նրանց համարձակ երազել: Երեխաներին նաև խանգարում են կենցաղային պայմանները: Նրանք ինքնամփոփ են և դժվարությամբ են մարդկանց հետ զրույցի բռնվում: Տղաներից յուրաքանչյուրն իր երազանքներն ունեն: Ավագ որդին ցանկանում է շինարար դառնալ և իրենց տունը նորոգել, միջնեկն ուզում է ավտոմեխանիկ դառնալ:
Արամը ցանկանում է հետագայում անասնաբուժ դառնալ: Ընտանիքն ապրւմ է 34 000 դրամ սոցօգնության գումարով և պապիկի 40 000 դրամ թոշակով: Որպեսզի սոված չմնան, պապիկը հաց թխելու սարք է պատրաստել, որի մեջ հայկական լավաշն են թխում: Դա տատիկի աշխատանքն է: Ընտանիքին արդեն գյուղի խանութները պարտքով ապրանք չեն տալիս: Հաճախ երեխաները սոված են քնում: Հայրիկի մահից հետո պարտքեր են կուտակվել, իսկ Աննա՞ն… Երիտասարդ այս կինն ասես երջանիկ լինելու, իրեն կին զգալու հույսերն արդեն մեռցրել է իր մեջ ու ապրում է, որ մեծացնի երեխաներին, օգնի ամուսնու ծնողներին: Էսպես էլ ապրում են…
Մանուկյանների ընտանիքից բաժանվեցինք ծանրացած սրտով: Բնության ու ճակատագրի քմահաճույքին մնացած այս ընտանիքին օգնելու ծրագիր ունենք: Ցանկանում ենք նրանց համար նոր տուն կառուցել կամ գնել: Այս երեխաները իրենց մանկության մեջ գույներ պիտի տեսնեն, նրանք վաղը մեր երկրի սահմանները պիտի պաշտպանեն, նրանք պիտի իրենք էլ որդիներ ունենան:
Հեռավոր Շատին գյուղում տներն արժեն մոտ 7000-10 000 դոլար (գյուղապետի խոսքերով, գները վերջնական ճշտված չեն):
Բարի մարդիկ, միասին սատար կանգնենք ծանր դրության մեջ հայտնված այս ընտանիքին, որի միակ փրկությունը կլինի ձեր մեծահոգությունը: Թող այս հարկի տակ արթնանա հույսը, վերականգնվի կորած հավատը վաղվա հանդեպ, և մարդկանց թախծոտ դեմքերին վերադառնա ժպիտը: Անտարբեր մի եղեք այս ընտանիքի ճակատագրի հանդեպ: Օգնենք նրանց:
Աստված պահապան բարի սիրտ ունեցող բոլոր մարդկանց: