Չերչիկյանների ընտանիքը

Երեք սերունդ, 8 հոգի` մեկ հարկի տակ` 18 քմ տարածքում և խորհրդային տարիներից մնացած չաշխատող կարի մեքենա

Ի՞նչ կարող եք տեղավորել 18 քմ տարածքում: Մեծ ցանկության դեպքում` շատ բան, ի՞սկ եթե` 8 մարդ` տատիկ-պապիկ, հայր ու մայր և չորս երեխա…
Արդեն մտահոգվելու առիթ է, ի՞սկ եթե պատուհանները ապակի չունեն. Փակվում են թիթեղով կամ հնամաշ ծածկոցով, եթե՞ հատակը փտած է, տանիքը` խարխուլ, տաք ջուրն ու ջեռուցումն էլ աններելի շռայլություն են… Ի՞սկ եթե միակ «ոսկե ձկնիկը»` խորհրդային տարիներից մնացած կարի մեքենան էլ «նեղացել է» ու էլ չի կարում, ի՞նչ անի դերձակ Անահիտը, ում ուսերին տարիներ շարունակ եղել է Չերչիկյանների ընտանիքի ողջ հոգսը: Գժվելն էլ ելք չէ. պարտքերը կուտակվում են, երեխաներին մեծացնել է պետք…

40 տարի Արարատի մարզի Արարատ քաղաքի արվարձաններից մեկում ապրող Չերչիկյանների ընտանիքը հայտնվել էր ծայրահեղ ծանր իրավիճակում. բառի բուն իմաստով զրկվել էր մի կտոր հացից: Դիմեցին «Դիակոնիա» բ/հ:
Հիմնադրամն ընտանիքին տրամադրել է երկու բազմաֆունկցիոնալ կարի մեքենա, կտորեղեն: Տիկին Անահիտը երջանիկ է: Ոչինչ, որ ոտքերը ցավում են, առողջական լուրջ խնդիրներ ունի. կկարի, կվաճառի ու ծանր վիճակից դուրս կգան: Բժշկին դիմելու համար էլ… Է˜հ, մի բան կլինի: Հավատում է, որ ամեն բան լավ կլինի: