Գրետա Հովհաննիսյան
ծնվ. 19.02.1996թ., ք. Երևան
«Խոսեք ինձ հետ»
Տունը տանիք ունի, թե ոչ, ապրելու պայմաններ կան, թե ամեն ինչ այնպես է, ինչպես սովորաբար լինում է այն ընտանիքներում, որտեղ ապրում են սահմանափակ հնարավորություններով երեխաներ, որտեղ ծնողները նույնպես հիվանդ են, որտեղ ամեն քայլ կատարելու համար դիմացինի օգնությունն է հարկավոր: Ողբերգական երանգ տալու համար չէ ասվածը, այլ դառը ճշմարտություն: Վարդաշենում այսպիսի պայմաններում է ապրում Գրետայի 5 հոգուց բաղկացած ընտանիքը: Աղջիկն ինքնուրույն չի քայլում չի ուտում, չի շփվում, փակվել է իր մեջ ու ոչինչ չի ասում: Բժիշկներն ախտորոշել են` երեխան ունի բնածին առողջական խնդիր՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ռեզիդուալ ախտահարում` ֆիզիկական, մտավոր արտահայտված հետամնացությամբ, վարքագծային խանգարումներով, էպիլեպտիկ նոպաներով: Գրետան այս ամենից բան չի հասկանում, վիճակն էլ լիարժեք չի գիտակցում: Որքան էլ իր մեջ փակված լինի, ուշադրության ու շփման կարիք ունի: Ավագ եղբայրն էլ է ունենում էպիլեպսիայի նոպաներ: Ծնողների ոչ առողջական վիճակը, ոչ էլ ուժերը չեն ներում ինքնուրույն հաղթահարել երեխաների խնդիրները: 2008 թվականից Գրետան «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի շահառու է: Հիմնադրամի մանկաբույժ Մարինա Ղուկասյանը պարբերաբար այցելում է այս ընտանիքին, խոսում է Գրետայի հետ: Ճիշտ է, այդ զրույցը հիմնականում մենախոսության է նման, քանի որ Գրետան միայն կարողանում է լսել նրան: Սովորաբար նման դեպքերում որքան էլ, որ միայն լսում են, այնուամենայնիվ նրանք կարիք ունեն, որ խոսեն իրենց հետ:
Յուրաքանչյուր ամիս Հիմնադրամն աղջկան տրամադրում է հոգեմետ դեղեր, անհրաժեշտ հիգիենայի պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենամթերքներ, օգնելով որևէ կերպ պակասեցնել ընտանիքի հոգսը: