Արտյոմ Գևորգյան
ծնվ. 23.05.1995թ., ք. Երևան
«Դուք ինձ հասկանում եք»
Այսօր բնակարան ունենալը շատերի համար երազանքի նման մի բան է: Երբ ունես բնակարան, բայց այդ բնակարանում չունես կենցաղային պայմաններ, անընդհատ դժգոհում ես ու տրտնջում, բայց եթե այս խնդրին գումարվում է նաև ընտանիքում ապրող հիվանդ երեխան, հաշմանդամ հայրը, պայմանները, տունը մղվում են երկրորդ-երրորդ պլան: Գևորգյանների 11 հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է 3 սենյականոց բնակարանում: Սոցիալական վիճակը ծանր է, ընտանիքի հայրը առողջական վիճակի պատճառով չի աշխատում: Մի կերպ ապրում են: Այս բազմամարդ ընտանիքում է ապրում նաև Արտյոմը, որը չի կարողանում տեղաշարժվել և շատ մեծ դժվարությամբ է խոսում. մանկական ուղեղային կաթվածը տղային զրկել է լիարժեք ապրելու հնարավորությունից: Կարող ենք պատկերացնել, թե առօրյայում ինչ թեմաների մասին են խոսում ընտանիքի անդամները: Արտյոմն այդ զրույցին չի խառնվում, բայց որ նրա վիճակը ծանր ֆիզիկական և հոգեկան հոգս է ընտանիքի անդամների համար, փաստ է: Արտյոմին սիրում են, չեն էլ փորձում հրաժարվել նրանից. հասկանում են: Հիմնադրամում ծանոթ են այս ընտանիքի կարիքներին: Ամեն ամիս տղան հիմնադրամի կողմից ստանում է պարենամթերք, դեղորայք և տակդիրներ: Արտյոմը մենակ չէ իր խնդիրների հետ. նրա նման շատ երեխաներ կան, այս հոգսով ապրող, այս խնդրից տեղյակ շատ ծնողներ կան, որոնցից մեկն էլ ստանձնել է Արտյոմին հովանավորելու պատասխանատվությունը… Ով գիտե, սրտանց օգնելով գուցե մի օր էլ իր երեխան հրաշքով բժշկվի:
Եթե Ձեզ հուզեց այս երեխայի ճակատագիրը, և նրա ընտանիքին օգնելու ցանկություն ունեք, դիմեք «Դիակոնիա» բ/հ գրասենյակ կամ գրեք Հիմնադրամի էլ.փոստի հասցեին: