Արթուր Բադալյան
ծնվ. 21.12.1978թ., գ. Հաղարծին
Ապրել է պետք
2009թ.-ին Արթուր Բադալյանը հայտնվում է գերության մեջ: Վախ, հոգեբանական ճնշում…Ադրբեջանում գերիներին, այն էլ հայ, մեղմ ասած` չեն սիրում: Երկու տարի հետո Կարմիր Խաչի միջոցով հնարավոր է լինում տղային վերադարձնել Ադրբեջանից: Թե ի՞նչ է կատարվում գերությունից ազատված տղայի ընտանիքում, բառերով չես պատմի: Հարազատների ուրախությունն Արթուրի «ուրախության» հետ ընդհանուր ոչինչ չունի: Իր աշխարհում փակված, անտարբեր, հաճախ չափից դուրս նյարդային տղային նրանք չեն հասկանում: Այսօր Արթուրն անաշխատունակ է, հոգեպես և ֆիզիկապես խեղված: Նրա ընտանիքը և երկու անչափահաս երեխաները չունեն կերակրող. ընտանիքի կերակրողը հայրն էր` Արթուր Բադալյանը: Նրանց տանը խեղվել էր ամեն բան` հարաբերությունները, կենցաղային պայմանները: Հոգեբանական աջակցությունը շատ կարևոր է, բայց խոսքից հետո, երբ ապրում ես քո նույն իրականության մեջ, խոսքի ուժը կորում է. կենցաղը խեղդում է:
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հովանավորների աջակցությամբ այսօր Արթուրի ընտանիքն ապրում է անհամեմատ լավ պայմաններում ` մշտական ջուր, վերանորոգված սանհանգույց: Արթուրի համար իրականությունը քիչ-քիչ փոխվում է, դաժան հիշողությունները քիչ-քիչ հեռանում են: Նրան անհրաժեշտ էր նաև հոգեբանական լուրջ աջակցություն` հետազոտություններ, դեղեր: Հիմնադրամը ֆինանսավորել է նաև Արթուրի բուժման ծախսերը: Ժամանակն ու մարդկանց ճիշտ վերաբերմունքը, աջակցությունը կօգնեն Արթուրին. նա գիտակցում է, որ պարտականություններ ունի որպես հայր, որպես ամուսին և զավակ: Ապրել է պետք: