Անի Մուրադխանյան

ծնվ. 19.05.1989թ., ք. Երևան

«Ես իմ մեծ սրտով սիրում եմ Ձեզ»

Երբ երեխան ծնվում է, բժիշկներից բացի երեխայի առողջական վիճակը գնահատում են նաև փորձառու տատիկները, բարեկամները: Իրենց հայտնի եղանակներով ստուգում են ոսկորների ամրությունը, ռեֆլեքսները: Անին ծնվել էր խնդրով. ոտքերը ծուռ էին, շնչուղիների սուր անբավարարություն ուներ: Շնչուղիների հետ կապված խնդրից ծնողներն այդ պահին չէին անհանգստանում. Ոտքերը ծուռ աղջի՞կ… Ի՞նչ ապագա է նրան սպասվում: 2,5 տարեկանում աղջկա ոտքերը վիրահատում են: Նա կենսուրախ երեխա էր, ու իր լավատեսության և ծնողների ուշադրության արդյունքում առողջական շատ խնդիրներ հաղթահարվեցին: Ինչպես ասում են` դժբախտությունը մենակ չի գալիս: Երբ Անին 4 տարեկան էր, սրտի կաթվածից մահացավ հայրը: Իրենից մեծ քույր ու եղբայր ուներ: Բոլորը մնացին մոր խնամքի հույսին: Մայրը երեխաներին խնամելու համար գիշեր-ցերեկ աշխատել է, բայց ամուսնու մահից 11 տարի հետո կարիքից դրդված վաճառել է բնակարանը, գյուղից տեղափոխվել է Երևան` հիվանդ ծնողներին խնամելու համար:
2013թ.-ի դեկտեմբերի 6-ին Անին շատերի նման հիվանդանում է սովորական հարբուխով, որն ունենում է ոչ սովորական հետևանքներ: Հիվանդությունը 3 անգամ կրկնվում է: Աղջկա առողջական վիճակը վերահսկում էր թաղային բժշկուհին: Թվում էր` ամեն ինչ հաղթահարել են, բայց Անիի վիճակը ծանրանում է: Նրան հասցնում են հիվանդանոց: Վիրուսն ախտահարել էր լեղապարկը և սիրտը: Ռևմատիզմ, ակտիվ փուլ, ռևմատիկ միտրալ արատ, միտրալ անբավարարություն 3-րդ աստ., ՄՓ-ի հետին փեղկի արտահայտված արտանկում, խորդայի պատռվածք, թոքային հիպերտենզիա 3-րդ աստ., ԱՇԱ 3-րդ ՖԴ, ասցիտ, աջակողմյան հիդրոթորաքս: Անիին բավականին դժվարությամբ ծայրահեղ ծանր վիճակից դուրս են բերում Թիվ 1 հիվանդանոցում և խորհուրդ են տալիս հետազոտվել Սրտաբանական հիվանդանոցում: Անիին անհապաղ վիրահատություն է նշանակվում: Անհապաղ նշանակված վիրահատությունն արժեր 3.600.000 դրամ: Պարզ է, որ ընտանիքն ի վիճակի չէր վճարել այս գումարը, մյուս կողմից էլ աղջկա կյանքը մազից էր կախված: Մայրն անելանելի վիճակում էր գտնվում: Ապրում էին ծնողներից մնացած բնակարանում, որը ծնողներն իրենց կենդանության օրոք չէին սեփականաշնորհել, իսկ նրանց մահից հետո կանգնել են բնակարանը կորցնելու իրական վտանգի առաջ: Վերջին մի քանի տարիների ընթացքում այս ընտանիքը ապրել է Անիի ավագ քրոջ` 1979թ.-ին ծնված Սուսաննայի աշխատավարձով ` 80.000 դրամ, և եղբոր` 1981թ.-ին ծնված Ռոբերտի օրական 3000 դրամ վաստակած գումարով: Վիրահատության համար անհրաժեշտ գումարը ոչ մի կերպ իրենց ուժերով հավաքել չէին կարող: 25 տարեկան աղջկա կյանքը կարող էին փրկել միայն բարերար մարդիկ:
2000թ.-ից Անին «Դիակոնիա»  բարեգործական հմնադրամի շահառու է և այս ամբողջ տարիներին ստացել է ամենամսյա սնունդ, նվերներ, նաև համակարգչային դասընթացների ամբողջական կուրսն անցնելու գումար: Հիմնադրամն օգնեց նաև սրտի վիրահատության հարցում: Աղջիկը փրկվեց:
Այս ընտանիքի կյանքում փորձությունները շարունակվում են: Հիմա ընտանիքը պայքարում է բնակարանի իրավունքի համար: Ի՞նչ կլինի հետո, չենք կարող ասել, գուցե նրանց կրկի՞ն ցանկանան օգնել բարի սրտով մարդիկ: