Սոցիալ-հոգեբանություն

Մեր շահառուները սննդի, հագուստի, կրթության, առողջապահական, կեցության պայմանների բարելավման կարիքներից բացի ունեն նաև հոգեբանական աջակցության մեծ կարիք։ Կարիքի մեջ հայտնված մարդը հոգեբանական լուրջ խնդիրներ է ունենում՝ ինքնագնահատականի անկում, հուսահատություն, ատելություն մյուսների հանդեպ, անհանդուրժողականություն, անտարբերություն․․․ Մարդուն հաց տալով՝ հաճախ հացի խնդիրը չես լուծում․ մտածելակերպով նա կարող է մնալ ընչազուրկ, համոզված ապրել․ թե ինքը ոչինչ չի կարող անել, որ մեղք է, որ իրեն պարտավոր են օգնել, մի խոսքով՝ հարմարվել «զոհ»-ի կարգավիճակի հետ։ Մարդիկ էլ կան, ովքեր, իրոք, անելանելի իրավիճակում են, և աջակցության դեպքում պատրաստ են դուրս գալ անապահովի կարգավիճակից, աշխատել ու արժանապատիվ ապրել։ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն իրականացնում է սոցիալ-հոգեբանական ծրագրերի շարք, որոնք Հիմնադրամի իրականացրած ծրագրային մյուս ուղղությունների հետ ցանկալի արդյունք են ապահովում։

Հիմնադրամի մեր համապատասխան աշխատակիցներն ամեն ամիս այցելում են շահառուներին։ Լսում են նրանց գանգատները, հոգեբանական աշխատանք տանում թե շահառուների, թե, օրինակ, սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների, դեռահասներին խնամող ծնողների, խնամակալների հետ․ այս մարդիկ նույնպես հոգեբանորեն ճնշված են ու հաճախ նաև շատ հուսահատ․ նրանք շփման կարիք ունեն, ուզում են, որ իրենց լսեն։ Այստեսակ այցելությունների ընթացքում կատարվում են նաև շահառուների կարիքի գնահատման աշխատանքներ, որպեսզի ցուցաբերվող աջակցությունը լինի ժամանակին և արդյունավետ։ Կարիքի գնահատման արդյունքները դոնորների հետ քննարկման արդյունքում վերածվում են կամ աջակցության ծրագրերի, կամ զարգացման ծրագրի հիմք են դառնում։
Ծննդյան տարեդարձին անսպասելի նվերից ցանկալի նվեր է ուշադրությունն ու հոգատարությունը։ Մենք շատ հաճախ ենք այդպիսի անակնկալ մատուցում մեր շահառուներին, նրանց տոն ենք նվիրում։ Տոնական օրերին միջոցառումներ ենք կազմակերպում ինչպես Հիմնադրամում, այնպես էլ ծերանոցներում, մանկատներում։
Պարբերաբար այցելում ենք նաև գյուղական համայնքներում ապրող մեր շահառուներին։ Նրանց հետ տարվող աշխատանքն էլ իր նրբությունն ունի․ շատերը համոզված են, որ իրենք անտեսված են, լքված, որ «ավելորդ» են։
Սոցիալ-հոգեբանական ծրագրեր իրականացնելիս Հիմնադրամը կարևորում է թե աջակցության, թե զարգացման ուղղությունները։
Մարզային այցելություններից մեկի ժամանակ եղանք Լոռու մազում։ Իր մեծությամբ երրորդ մարզում (9 քաղաք, 105 գյուղ) մարդկանց մեծ մասն ապրում է օրվա հացի խնդրով․․․ Հազարավոր ընտանիքների համար արդեն արվել են ծրագրեր և ֆինանսավորվել հովանավորների կողմից: Շատերի համար լուծվել է հացի խնդիրը, երեխաներն ունեն նոր հագուստ, նոր և վերանորոգված տներում են ապրում, սակայն այս ամեն ինչի հետ մեկտեղ կարևոր է ևս մեկ խնդիր` երեխաների ուրախ օրը, ժամանցը և վերջապես անհոգ մանկությունն ապահովելը: Կուշտ երեխան կարիք ունի նաև հանգստի, մանուկների համար կազմակերպվող ժամանցի, որտեղ ինքը ոչ միայն կհանգստանա, նոր տպավորություններ կհավաքի, այլև մասնագետների օգնությամբ նոր բաներ կսովորի` երգել, պարել, նկարել, ձեռագործ աշխատանքներ անել: Հիմնադրամը նաև նմանատիպ ծրագրերն է շատ կարևորում, քանի որ սոցիալապես վատ պայմաններում ապրող երեխաներն իրենց մութ ու մռայլ կյանքում ավելի շատ կարիք ունեն պայծառ, մանկական առօրյայի, որից զրկված են: Նրանք երազում են, օրինակ, ամռանը մի որևէ տեղ գնալ, բնության գրկում հանգստանալ, մաքուր օդ շնչել, սակայն ծնողները դա ապահովել չեն կարողանում, որովհետև Հայաստանում հանգստյան տներում, ճամբարներում հանգստանալը միջին, առավել ևս վատ պայմաններում ապրող մարդկանց հնարավորությունների համար չեն։
Հայաստանում շատ ծանր է նաև սոցիալապես անապահով և միայնակ ծերերի վիճակը: Նրանց թիվը գնալով ավելանում է: Սրա հիմնական պատճառը արտագնա աշխատանքի մեկնողների թվի աճն է: Ընտանիքի երիտասարդ անդամները մեկնում են արտերկիր աշխատանք գտնելու, իսկ ծերերը մնում են Հայաստանի իրենց տներում միայնակ: Մեկնողներից ոչ բոլորն են աշխատանք գտնում, հետևաբար չեն կարողանում նաև ֆինանսապես օգնել Հայաստանում մնացած ընտանիքի ծեր անդամին։ Մեծահասակները մնում են իրենց խիստ ցածր թոշակի հույսին: Ձմռանը՝ ցուրտ բնակարանում, կիսասոված, մենակ, ամռանը՝ բերքի ու բարիքի, առատության տարիների հիշողություններով ապրող այս մարդկանց համար Հայաստանում չկան ծերերի խնամքի և ժամանցի կենտրոններ, որտեղ ծերերը կանցկացնեն իրենց օրը, կշփվեն միմյանց հետ, կսնվեն, կտաքանան ձմռան ցուրտ օրերին: Հայաստանի երեք խոշոր քաղաքներում կան պարզապես ծերանոցներ, որտեղ ապրում են այն ծերերը, ովքեր բնակության տեղ չունեն, դիմողներն էլ շատ են, բոլորին տեղավորելու հնարավորություն չկա․ շենքային պայմանները սահմանափակ են: Միայնակ ծերերի թիվն ավելի մեծ է մարզերում․ մարզերից ավելի շատ են մեկնում աշխատանք փնտրելու: Օրինակ՝ Լոռու մարզի Թումանյան քաղաքում 2000 բնակիչ է ապրում, որից 80-ը միայնակ ծերեր են, իսկ ինչպիսի՞ն է պատկերը 290 000 բնակիչ ունեցող Լոռու մարզում․․․
Այս բոլոր կարիքները գնահատելով Հիմնադրամը մշակեց ծրագիր երեխաների ու ծերերի համար ամառային ճամբար, ժամանցի և ուսուցողական կենտրոն ստեղծելու համար: Նախ անհրաժեշտ էր լուծել տարածքի հարցը։ Լոռու մարզի Թումանյան քաղաքի քաղաքապետն աջակցեց այդ հարցում՝ խորհրդային տարիներից մնացած չգործող մանկապարտեզի շենքը նվիրատվության կարգով հանձնեցին Հիմադրամին։ Մեք սկսեցինք տարածքի հիմնավերանորոգման, կահավորման աշխատանքները։ Շենքային պայմաններն ապահովելուց հետո կենտրոնին անհրաժեշտ էին մանկավարժներ՝ երեխաների հետ զբաղվելու համար, նաև հոգեբաններ և բուժքույրեր` ծերերի հետ աշխատելու համար: Լոռու մարզում՝ ընդհանրապես, և Թումանյան քաղաքում՝ մասնավորապես, մեծ է գործազուրկների թիվը: Այս կենտրոնում մոտ մեկ տասնյակ մարդ աշխատանքի հնարավորություն ստացավ։
2016 թվականի ամռանը մեր հովանավորների աջակցությամբ ավարտին հասցրինք ևս մի կարևոր ծրագիր, որն իրականացվել էր ոչ թե մեկ, տասը, այլ մի քանի հարյուր անապահով ընտանիքների համար: Ամռանն այստեղ իրականացրինք «Ամառային ճամբար» ծրագիրը, որի արդյունքում 30 երեխա կարողացավ լիարժեք հանգստանալ և վայելել ամռան օրերը։ Ծրագրերը կլինեն շարունակական, և հաջորդ քայլն ուղղված կլինի ծերերի խնամքին։
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ծրագրային ուղղությունները շատ հաճախ իրականացվում են զուգահեռ․ եթե մարդուն ձուկ ես տալիս, կարթ էլ պիտի տաս, որ ձուկ բռնել սովորի, վստահություն էլ պիտի հաղորդես, որ լավ ձկնորս է լինելու․․․
Բարեգործություն անելով՝ նաև օրինակ ես ծառայում այն հավատով, որ մի օր էլ օգնություն ստացողն ինքը կդառնա օգնող։