Կրթություն
Մեր երկրի ապագան մենք ժառանգելու ենք մեր երեխաներին: Ինչ ցանենք այսօր, վաղը հավաքելու ենք: Անկախ մեր երկրում այսօր կրթություն ստանալու իրավունք ունեն բոլորը, սակայն սոցիալական ծանր պայմանների պատճառով այդ իրավունքից զրկվում են շատ ընտանիքների երեխաներ: Գյուղական համայնքներում պատկերն ավելի անմխիթար է: Սուղ պայմաններում ապրող տաղանդավոր ու շնորհաշատ շատ երեխաներ կան, որոնք մեր, բոլորի ուշադրության կարիքն ունեն: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն իր մյուս ծրագրերով օգնում է այդ երեխաներին դպրոց հաճախելու համար անհրաժեշտ պարագաներով ու հագուստով, սակայն միայն դպրոցով սահմանափակվելը հարցի լիարժեք լուծում չի ապահովում: Այս երեխաների մեջ կան այնպիսիք, որոնք ուսման առաջադիմության հարցում աչքի չեն ընկնում, իսկ ի՞նչ կլինի հետո, երբ նրանք ավարտեն դպրոցը, որտե՞ղ են աշխատանք գտնելու…սոցիալապես անապահով նոր ընտանիքի հիմք են դնելու:
Հիմնադրամն աջակցում է ՀՀ-ի տարբեր մարզերի դպրոցներում մասնագիտական և արհեստագործական դասարանների ստեղծմանը, ֆինանսավորում է երաժշտական և սպորտային խմբակների գործունեությունը, մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատանքներ են տարվում ընտանիքների ու երիտասարդների հետ, հատուկ կրթական նախագծեր են մշակվում առանձին անհատների համար: Գյուղում իրենց ապագան չտեսնող երիտասարդներին նույնպես «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն օգնում է բարձրագույն կրթություն ստանալ Երևանում կամ ՀՀ-ի մյուս քաղաքներում, հոգում է այդ երիտասարդների ուսման վարձը:
Պատմության մեջ քիչ չեն այն դեպքերը, երբ հայտնի մարդիկ դպրոցում չեն փայլել իրենց գիտելիքներով, բայց սրտացավ մարդկանց օգնությամբ ստացել են մասնագիտական կրթություն, սովորել են արհեստներ, իսկ հիմա նրանց մասին խոսում է աշխարհը: Մենք ուսման պահանջ ունեցող երեխայի, երիտասարդի կողքին ենք ոչ թե մեր անունը բարձրացնելու, այլ վաղվա օրվա համար մեր երկրին բանիմաց, պիտանի սերունդ կրթելու համար: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը վճարում է բուհերում սովորող մոտ 50 ուսանողի ուսման վարձը։ Այս ծրագրի նպատակն է աջակցել ուսումնատենչ երիտասարդներին, որոնք հետագայում իրենց ներուժը կներդնեն մեր երկրի զարգացման և հզորացման գործում։ Մեր նախաձեռնություններն ու ծրագրերը սատարող բարեգործ հովանավորների մարդասեր վերաբերմունքի շնորհիվ իրականություն են դառնում երիտասարդների վաղվա նպատակները: