Զարգացում
Հաճախ լսում ենք, որ Երևանից դուրս կյանք չկա, աշխատանք չկա, գյուղերում ապրելու հեռանկար չկա արտահայտությունները։ Ասվածի մեջ ճշմարտության հատիկ կա, բայց այս խնդիրն անտեսելով վաղը կունենանք լքված գյուղեր։ «Դիակոնիա» բ/հ-ը շատ է կարևորում զարգացման ծրագրերի իրականացումը հատկապես ՀՀ մարզերի տարբեր գյուղերում։ Այդպիսի ծրագրեր արդեն իրականացրել ենք, կան ծրագրեր, որոնք մշակման և իրականացման փուլերում են։
Մեղվաբուծության զարգացում Տավուշի մարզի Աղավնավանք և Խաչարձան գյուղերում
Հայաստանում շատ գյուղեր իրար այնքան մոտ են գտնվում, որ հարևան գյուղի սահմանը կարող է անցնել քո պատի կողքով: Հեռու գյուղերի սահմաններն էլ հարաբերական են դառնում, որովհետև կա սահման թե ոչ, միևնույն է, մարդիկ ապրում են նույն, հաճախ անսահման մեծ հոգսով: Տավուշի մարզի Աղավնավանք և Խաչարձան գյուղերում հաստատվել են 1988-1990-ական թվականներին Ադրբեջանից փախած բազմաթիվ ընտանիքներ, որոնք ապրում են լքված, կիսավեր տներում: Տուն-տեղ կորցրած մարդիկ նոր բնակատեղիին հարմարվելու, աշխատանք գտնելու, բարոյահոգեբանական բազմաթիվ խնդիրներ ունեին լուծելու։ Հողագործությամբ ու անասնապահությամբ շատերը չէին կարողանում զբաղվել. մեծ մասն ապրել էր քաղաքի պայմաններում և գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ զբաղվելու ոչ հմտություններ ունեին, ոչ էլ` միջոցներ: Ցուցաբերված օգնություններով հազիվ գոյատևում էին: Խաչարձանն ունի 106 տնտեսություն, այստեղ մոտ 40%-ը խիստ կարիքավոր ընտանիքներ են: Աղավնավանք գյուղն ունի 302 բնակիչ, 98 տնտեսություն: Նույն պատկերն է:
Հողագործությամբ զբաղվելու համար նպաստավոր պայմաններ չկան. հողերն անջրդի են, ոռոգման ջրագիծ էլ գյուղերը չունեն:
Այստեղ կլիման և շրջակա բնությունը թույլ են տալիս զարգացնել մեղվաբուծությունը, սակայն այս ընտանիքները չէին կարողանում զբաղվել նաև մեղվաբուծությամբ, քանի որ չունեին ո՛չ գիտելիքներ, ո՛չ էլ գումար՝ մեղվաբուծության համար փեթակներ, մեղվաընտանիքներ և այլ անհրաժեշտ իրեր գնելու համար։
Երկու գյուղերն էլ շրջապատված են անտառներով, ծաղկաշատ մարգագետիններով, իսկ մեղվաբուծության զարգացման համար սա հիմնական նախապայմանն է: Այսպիսի բնության մեջ ստեղծված մեղրն էկոլոգիապես մաքուր է և շատ առողջարար: Գյուղում շատերն էին ցանկանում զբաղվել մեղվաբուծությամբ, քանի որ հասկանում են, որ այսպես կարող են զարգացնել իրենց տնտեսությունը, եկամուտ ունենալ, բայց ինչպե՞ս: Մեղվաբուծությունը գյուղատնտեսության այն ճյուղերից է, որը գումարային ներդրումից բացի, ինչն այս գյուղի բնակիչների հնարավորություններին չի համապատասխանում, պահանջում է նաև անհրաժեշտ գիտելիքներ և պրակտիկ աշխատանք: Այս փախստական ընտանիքներն իրենց ծննդավայրում, հիմնականում զբաղվել են ոչ գյուղատնտեսական աշխատանքներով. նրանցից մեկն ինժեներ է, մեկը՝ շինարար, մեկն էլ՝ լեզվաբան: Հիմնադրամը, գյուղերում մարդկանց խնդիրներին ծանոթանալուց հետո, սննդօգնության աջակցության ծրագրից բացի մշակեց և սկսել է իրականացնել մեղվաբուծության զարգացման ծրագիր: Նախ ընտանիքները պետք է սովորեին մեղվաբուծության հմտությունները, այնուհետև ունենային մեղվափեթակներ և մեղվաբուծության համար անհրաժեշտ իրեր: Հիմնադրամը զարգացման ծրագրով յուրաքանչյուր գյուղի տրամադրեց 20-ական մեղվափեթակ, որոնք նախատեսված էին գյուղերի անապահով 4 ընտանիքների համար (ամեն ընտանիքի` 5-ական փեթակ) դրա հետ մեկտեղ՝ անհրաժեշտ գլխարկներ, ծխարարներ, քերիչներ, մեղր քամող մեքենա, նաև մեղուներին սկզբնական շրջանում պահելու համար շաքարավազ: Այս մեղվափեթակների համար երկու գյուղերի գյուղապետերը տրամադրեցին տարածքներ, որտեղ տեղադրվեցին փեթակները: Խաչարձան գյուղում ապրում է փորձառու մի մեղվաբույծ, նա պատրաստակամորեն օգնում է սկսնակներին։ Ծրագիրը սկսելուց մեկ տարի անց, երկու գյուղերի այս տասը ընտանիքները կունենան իրենց մեկ տարվա համար անհրաժեշտ մեղրը, և նրանք պարտավորվում են նաև ավելացնել յուրաքանչյուր գյուղը 4-ական փեթակ, ընդհանուր առմամբ` 8 փեթակ, և այս 8 փեթակն էլ կտրամադրեն իրենց հարևանությամբ գտնվող, կրկին սոցիալապես խիստ կարիքավոր Հովք համայնքին: Այսպես տարածքում կզարգանա մեղվաբուծությունը, ինչը կօգնի մարդկանց եկամուտ ունենալ, տնտեսություն ստեղծել և, ինչու ոչ, ամենից կարևորը, իրենք էլ կօգնեն իրենց հարազատին, իրենց հարևանին: Մեղվափեթակները տարիների ընթացքում կշատանան, ընտանիքներին սա լուրջ օգնություն կլինի, մյուս կողմից էլ տարիների ընթացքում կավելանան շահառուները, կարիքավոր շատ ընտանիքներ դուրս կգան սոցիալական ծանր պայմաններից:
Ծրագիրը սկսել ենք երկու գյուղի համար, իսկ ինքնաֆինանսավորման շնորհիվ այն ընդգրկում է նաև երրորդ գյուղը:
Կարի արտադրամաս Թալին քաղաքում
2014 թվականին Հիմնադրամի՝ Թալին հերթական այցելության ժամանակ կայացվեց այստեղ կարի փոքրիկ արտադրամաս բացելու որոշումը։ Բնակիչները չէին պատկերացնում, որ ծրագիրը կարճ ժամանակահատվածում իրականություն կդառնա։ Դարձավ՝ «Դիակոնիա» բ/հ-ի բարեկամ դոնորների աջակցության շնորհիվ: Թալին քաղաքի բնակիչների և անձամբ քաղաքապետի երազանքներից ամենամեծն արդեն իրականություն է դարձել` Թալինում բացվել է կարի փոքրիկ արտադրամաս, որը մեծ հեռանկար և լավ ապագա է խոստանում Թալին քաղաքին և թալինցիներին: Հիմնադրամն արտադրամասին տրամադրել է ժամանակակից կարի մեքենաներ, բարձրորակ կտորներ, թելեր։ Նոր մոդելի կարի մեքենաների հետ աշխատող մարդկանց համար անվճար կազմակերպել է մասնագիտական դասընթացներ։ Թալինցիները հաճախ են եղել հիմնադրամի տարբեր ծրագրերի շահառուներ, սակայն այս մեկը նրանց համար յուրահատուկ էր. մարդիկ կարողանում են աշխատել և իրենց աշխատանքի դիմաց վարձատրվել, իրենց ընտանիքների հոգսերը ինքնուրույն հոգալ: Ծրագիրը մեծ ոգևորություն է առաջացրել ոչ միայն Թալին քաղաքի բնակիչների մոտ, այլև Արագածոտնի մարզպետարանի բոլոր աշխատակիցների մոտ: Տեղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել օգնել արտադրամասին պատվերների և իրացման հարցում։ Օրինակ՝ 2015 թվականի մայիսի տասներկուսին արտադրամասի բացման արարողության օրը, Թալինի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, այստեղ գործող բանկերի կառավարիչները, ոստիկանապետը պատրաստակամություն են հայտնել իրենց աշխատանքի համար անհրաժեշտ ամեն ինչ պատվիրել այս արտադրամասին: Սրանով կլուծվի արտադրամասի արտադրանքի իրացման խնդիրը, որը կապահովի մշտական եկամուտ`արտադրամասի աշխատակիցների աշխատավարձը վճարելու, արտադրամասի համար հետագայում հումք գնելու համար: Արտադրամասի աշխատակիցներն իրենց համար արդեն կարել են աշխատանքային համազգեստ։ Թալինի քաղաքապետը միացել է ծրագրի իրականացմանը. ծրագրվում է, որ կարի արտադրամասը ոչ միայն արտադրական կենտրոն դառնա, այլև արտադրությանը զուգահեռ գործի նաև ուսումնական կենտրոն: Այսինքն՝ այստեղ կարող են գալ կարուձև սովորել ցանկացողներ, և արտադրամասի կարող բանվորները նրանց կսովորեցնեն կարել: Դասընթացները կիրականացվեն անվճար հիմունքներով: Թալինցիները հավատում են, որ մի օր փոքրիկ արտադրամասը կմեծանա ու կդառնա մեծ ֆաբրիկա, այստեղ կլինի ոչ միայն արտադրություն, այլև ուսումնաարտադրական կենտրոն ոչ միայն Թալին քաղաքի, այլև ողջ մարզի համար: Սա՝ տեսանելի ապագայում, իսկ առաջիկայում նպատակ կա փոքրիկ արտադրամասի ստացած հասույթից միջոցներ տրամադրել արտադրամասի հարևանությամբ գործող մանկապարտեզի վերանորոգման գործին։ Թալինի կարի արտադրամասը փոքրիկ գործի մեծ շարունակություն է խոստանում։ Մարդկանց ոգևորությունն օր օրի աճում է, վարպետ-մասնագետներն աշխատանք գտնելու հույսով չեն լքի Հայաստանը, աշխատողները կունենան մշտական կանոնավոր եկամուտ, 10 աշխատողներին ժամանակի ընթացքում կմիանան ևս մի քանի տասնյակ մարդ։
Խմորեղենի արտադրամաս Վայոց ձորի Աղնջաձոր գյուղում
Աղնջաձորը Երևանից մոտ 200 կմ հեռավորության վրա է գտնվում։ Հայաստանի մյուս գյուղերից շատ չի տարբերվում՝ նույն միապաղաղ առօրյան, աշխատանքի բացակայություն, արտերկրում աշխատանք փնտրող տղամարդկանց փոխարեն տան գլխին կանգնած հոգսաշատ կանայք, անօգնական ծերեր։ Հիմնադրամը ծրագիր էր մշակել Աղնջաձորում խմորեղենի արտադրամաս բացել։ Բնակիչներն այս լուրը խանդավառությամբ ընդունեցին։ Գյուղապետը տրամադրեց վերանորոգված արտադրամասի տարածքը, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն ապահովեց արտադրամասի աշխատանքի համար անհրաժեշտ ամեն ինչ՝ վառարաններ, սառնարան, խմորեղեն թխելու համար անհրաժեշտ մանր գործիքներ, ամաններ և նախնական արտադրանքի համար անհրաժեշտ հումք։ Ծրագիրը նախապես կազմել էինք գյուղում ապրող կանանց համար, սակայն ծրագրի ոգևորությունն այնքան մեծ էր, որ նաև տղամարդիկ ներգրավվեցին այս գործում: Արտադրամասն աշխատում է։ Բացի խմորեղենից այստեղ նաև շատ համեղ հաց և հայկական ավանդական լավաշ են թխում, ամեն ինչ վաղուց մոռացված ավանդական բաղադրատոմսերով են պատրաստում: Կարևոր մի հանգամանք էլ կա՝ արտադրամասի արտադրանքը պատրաստվում է միայն տեղական, էկոլոգիապես մաքուր հումքից։ Տասը մարդ աշխատատեղ ունի, անասնապահությամբ զբաղվող հարևաններն էլ իրենց մածունն ու կաթը, հավկիթը վաճառելու մշտական գնորդն ունեն։ Գյուղապետն ամեն ինչ անում է, որպեսզի ապահովի պատվերների քանակը։ Նպատակ ունեն արտադրանքն իրացնել ոչ միայն իրենց գյուղում, այլև հարևան գյուղերում և քաղաքներում։
Գործող արտադրամասն ունի նաև հեռանկարային ծրագիր՝ միջոցներ են կուտակում առաջիկայում առաքման սեփական ավտոմեքենան գնելու համար։ Տնտեսությունն աշխատում է, մարդկանց օրն աշխատանքի ուրախությամբ է լցվում, ուրախանում են և՛ արդյունքներով, և՛ այն օգնությամբ, որն արդեն իրենք են ծրագրել իրականացնել՝ գյուղի դպրոցին և մանկապարտեզին ամեն օր թարմ կարկանդակներ հասցնել։
Այս ծրագրով «Դիակոնիա» բ/հ-ի հովանավորների աջակցության շնորհիվ ևս մեկ բնակավայրում ևս մեկ արտադրություն բացվեց, որը տասը ընտանիքի մշտական եկամուտի հնարավորություն տվեց, նրանց հարևաններին՝ մշտական պատվերներ, իսկ գյուղին՝ անհեռանկար ապագայից չբողոքող, իրենց աշխատանքի պտուղները վայելող գյուղացիներ։