Գյուղատնտեսություն

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ծրագրային քաղաքականության մեջ կարևոր և առանցքային նշանակություն ունեն գյուղական համայնքներում իրականացվող ծրագրերը: Դրանք բազմազան են ու բազմաթիվ` սերմացու, պտղատու տնկիներ, մանր և խոշոր եղջերավոր անասուններ, մեղվի փեթակներ, վարուցանքի աշխատանքները կազմակերպելու համար անհրաժեշտ տեխնիկայի գումար, ջրի խողովակաշարերի վերանորոգման հետ կապված աշխատանքներ և այլն:
Գյուղացու աշխատանքի արդյունքը մեծամասամբ կախված է բնության քմահաճույքից, ֆինանսների բացակայությունից, ինչպես նաև իրացման հետ կապված դժվարություններից ու հաճախ էլ այս ամենով պայմանավորված հուսահատության արդյունքում դաշտերում վար ու ցանք չի արվում, պտղատու այգիները չորանում են կամ, որն ավելի ցավոտ է, այգիները քանդվում են: Գյուղացին լքում է այգին, դաշտն ու իր գյուղը: Իր հողի, իր գյուղի հետ գյուղացուն կապելով ` մենք օգնում ենք նաև արտագաղթի տեմպի նվազմանը:
Օժանդակության ծրագրերը կարևոր են. դրանցից շատերը հետո արդեն ինքնուրույն ու շարունակական ընթացք են ստանում:
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը ՀՀ տարբեր մարզերի գյուղական համայնքների համար մշակել ու իրականացնում է տվյալ համայնքի հողամշակման, գյուղատնտեսության ճյուղերի հնարավոր զարգացմանն ուղղված ծրագրեր:

Գարու մշակության ծրագիր 2015թ.

Իրականացվել է Տավուշի մարզի 4 համայնքում` Վերին Կարմիր Աղբյուր, Նորաշեն, Բերդ, Մովսես գյուղերում: 30 ընտանիք ստացել է գարու սերմացու, պարարտանյութ, վառելիք և տրակտորավարի կատարած աշխատանքի գումար:  Յուրաքանչյուր ընտանիք մշակել է 1 հա հողատարածք: Բերքի իրացումն էականորեն կթեթևացնի գյուղացու հոգսը:

Գարու մշակության ծրագիր  2016 թ.

Ծրագիրն իրականացվել է Գեղարքունիքի մարզի Վարսեր և Լճաշեն համայնքներում: 30 շահառու  ընտանիքների տրամադրվել է սերմացու, պարարտանյութ, վառելիք և տրակտորավարի կատարած աշխատանքի համար վճարվող գումար: Յուրաքանչյուր ընտանիք մշակել է 1 հա հողատարածք:

Հաճարի մշակության ծրագիր

 Այս ծրագիրն իրականացրել ենք Լոռու մարզի Ջրաշեն համայնքում, Արագածոտնի մարզի Թալին և Մաստարա համայնքներում: Շահառու 30 ընտանիքների  տրամադրվել է սերմացու, պարարտանյութ, վառելիք և  աշխատանքների իրականացման գումար: Այս ծրագրով նույնպես յուրաքանչյուր ընտանիք մշակել է 1 հա հողատարածք: Գյուղացին ազատ կտնօրինի բերքն օգտագործելու իրավունքը:

Կորնգանի մշակության ծրագիր

 Կորնգանի մշակության ծրագիրն իրականացվել է Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում: Շահառուների թիվը` 40 ընտանիք: Սերմնացուի հետ ընտանիքներին տրամադրվել է նաև վառելիք: Յուրաքանչյուր ընտանիք մշակել է 1 հա հողատարածք:

Ծառերի տնկիներ

ՀՀ տարբեր մարզերում  սոցիալական  ծանր պայմանների արդյունքում գյուղացիներից շատերը լքել են իրենց այգիները: Մրգատու ծառերը հատել են, ստացած բերքի իրացման հետ կապված դժվարությունների  արդյունքում այգիները քանդել են:

Արագածոտնի մարզի Թալին և Մաստարա համայնքներին, Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր համայնքին Հիմնադրամը տրամադրել է 4845 տնկի:  Յուրաքանչյուր ընտանիք 39 տնկի է ստացել:

 Մեղվաբուծություն

 Մեղվաբուծության ծրագիրն իրականացվել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Տավուշի մարզի Աղավնավանք և Խաչարձան համայնքներում, Լոռու մարզի Մարց համայնքում: 38 ընտանիքի տրամադրվել են  փեթակներ  (յուրաքանչյուր ընտանիքի` 5-ական փեթակ)` մեղվաբուծությամբ զբաղվելու համար:

 Անասնապահական ծրագիր

Ծրագիրը շարունակական ընթացքով իրականացվում է Հայաստանի տարբեր մարզերում: Ընտանիքներին տրվում են խոշոր և մանր եղջերավոր անասուններ: Այս ծրագրով ընտանիքներն ունենում են և աշխատանք և առողջ սնունդի աղբյուր:  

 

Ներկայացված բոլոր ծրագրերը շարունակական են և տարեց տարի ընդգրկում են գյուղական նոր համայնքներ ու ընտանիքներ: «Դիակոնիա» բարեգործական  հիմնադրամը իրականացման ծրագրերի առաջարկներ ընդունում է բոլոր գյուղական համայնքներից: Առաջարկները պետք է լինեն հիմնավորված, թափանցիկ ու տվյալ համայնքի պայմաններին համապատասխան:

Այս փաթեթներից կարող են օգտվել ինչպես «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի շահառուները, այնպես էլ ՀՀ և ԼՂՀ տարածաշրջաններում ապրող հիմնադրամի չափորոշիչներին համապատասխանող կարիքավոր ցանկացած ընտանիք կամ երեխա, որը կդիմի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին համապատասխան աջակցություն և օժանդակություն ստանալու նպատակով: