Հիմնադիր` Հակոբ Ջամբազյան
Հակոբ Ջամբազյանը ծնվել է Երուսաղեմում և այնուհետև իր ընտանիքի հետ տեղափոխվել է Հորդանան : Ամերիկացի մի բարերարի օգնությաբ 18 տարեկանում մեկնել է Շվեյցարիա և աստվածաբանություն է ուսանել Բեաթենբերգի ավետարանական դպրոցում: Այնտեղից նա տեղափոխվում է Լիբանան, որտեղից Տրանսվորլդ Ռադիոյի միջոցով (Trans World Radio) , որի նստավայրը գտնվում էր Մոնտե Կառլոյում, հաղորդումներ է հեռարձակում Հայաստանում ապրող իր հայրենակիցների համար: Հակոբ Ջամբազյանի համար սա զուտ աշխատանք չէր. այն նրա կոչումն էր: Այս աշխատանքի միջոցով էր նա տեսնում իր ժողովրդին Աստծո հանդեպ հավատքին մոտեցնելու և նրան հնարավորինս իր հոգևոր արմատներին կառչած պահելու հնարավորությունը:
Երբ Լիբանանում սկսվում է պատերազմը, Հակոբ Ջամբազյանն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Գերմանիա: Ունենալով ընտանիքի աջակցությունը իր առաքելությունն իրականացնելու գործում` նա գրեթե ամեն շաբաթ և կիրակի միջոցառումներ էր անցկացնում ողջ Գերմանիայում, Հոլանդիայում և Շվեյցարիայում: Նա խոսում էր հայերի հավատքի, Աստծո որոնումների և հայկական մշակույթի մասին: Նա կյանքի էր կոչում աջակցության ծրագրեր և այս միջոցառումների ընթացքում օգնություն էր խնդրում Հայաստանում ապրող անապահով մարդկանց համար:
<<Կարիքը մի բան է, որը խաթարում է մարդու արժանապատվությունը>>, մի անգամ ասել է Հակոբ Ջամբազյանը: <<Այն ժամանակավոր կարգավիճակ է, որից պետք է որքան հնարավոր է արագ ձերբազատվել: Ես համոզված եմ, որ մենք կարող ենք և պետք է ունենանք մեր աջակցությունը այդ հարցում: Ի բարօրություն մարդկանց և ի փառս Աստծո>>: