Պատմություն

Հիմնադրամի պատմությունն ունի նախապատմություն՝ առանց որի պատմությունը չէր լինի։ Հայրս՝ Հակոբ Ջամբազյանը, ծնվել է Երուսաղեմում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Հորդանան։ Ամերիկացի մի բարերարի օգնությամբ 18 տարեկանում մեկնել է Շվեյցարիա և ավետարանական դպրոցում աստվածաբանական կրթություն ստացել, հետո արդեն տեղափոխվել է Լիբանան, որտեղ ռադիոհաղորդումներ էր վարում հայերի համար: Սա զուտ աշխատանք չէր՝ հանուն աշխատանքի. հայրս այս կերպ փորձում էր Լիբանանում ապրող հայերին որքան հնարավոր է մոտ պահել հայկական արմատներին։ Այս մտածելակերպով մեծանում էինք նաև մենք։

Լիբանանում պատերազմական իրավիճակի պատճառով մենք տեղափոխվեցինք Գերմանիա։ Ամեն շաբաթ և կիրակի հորս հետ միջոցառումներ էինք կազմակերպում Գերմանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի տարբեր քաղաքներում։ Ներկայացնում էինք հային՝ որպես մշակութային ու համամարդկային վեհ արժեքներ կրող ժողովուրդ, օգնության ծրագրեր էինք իրականացնում Լիբանանում ծանր կացության մեջ հայտնված հայերի համար։

1988-ի դեկտեմբերին, երբ մեզ հասավ Սպիտակի երկրաշարժի բոթը, աղետից մեկ շաբաթ հետո հորս նախաձեռնությամբ Հայաստանում սկսեց աջակցության տարբեր ծրագրեր իրականացնել Գերմանիայի Հայ Օգնության Կենտրոն հասարակական կազմակերպությունը, որը նեցուկ դարձավ հազարավոր երեխաների և նրանց ընտանիքներին (սնունդ, հագուստ, դեղորայք և այլն)։ Հետո ՀՕԿ-ի հիմքի վրա սկիզբ առավ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի պատմությունը, որը ձևավորվեց 2001-ին` շվեցարական «Դիակոնիա» Ինտերնացիոնալե բարեգործական կազմակերպության հետ սերտ ու արդյունավետ համագործակցության արդյունքում: Բայց այն գոյություն չէր ունենա, եթե չլիներ դեռ 70-ականներից սկիզբ առած առաքելությունը։ Գերմանիայի ՀՕԿ-ի որդեգրած ծրագրերը դարձան բազմաբևեռ՝ ընդգրկելով ՀՀ-ի ողջ տարածքում ապրող բազմազավակ, անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամ երեխաների, Սիրիայից գաղթած հայերի ու Արցախյան հակամարտության ընթացքում տուժած ընտանիքների։ Օգնությունը կազմակերպելիս սկսեցինք 25-30 ընտանիքի աջակցությունից, բայց սա մեծ գործի փոքր սկիզբն էր միայն։ Տարիների ընթացքում մեր առաքելությանը միացան ինչպես անհատներ, այնպես էլ դոնոր կազմակերպություններ։ Սնունդ, հագուստ, կենցաղային պայմանների բարելավում, աջակցություն՝ գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու, կրթության և առողջապահության ոլորտներում։ Մենք իրականացնում ենք փոքր և միջին զարգացման ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։ Հիմնադրամի իրականացրած ծրագրերից ամենամեծը «Հույսի Ավան» թաղամասի կառուցումն է։ 2001-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Դիակոնիա» Հիմնադրամին հատկացված 16 հեկտար հողատարածքում մենք կառուցեցինք 78 առանձնատուն՝ 500 բնակչի համար։ Մեր Հիմնադրամի պատմությունը մեր հոգածության տակ գտնվող ավելի քան 4000 շահառուի պատմությամբ է այսօր արդեն շարունակվում։ Այս շահառուների ու հիմնադրամի կողքին կանգնած բարեգութ հովանավորները հնարավոր են դարձնում հիմնադրամի աշխատանքն ու նախագծերի իրականացումը:

Կարիքը մարդու արժանիքների հետ կապ չունեցող մի երևույթ է։ Դա ժամանակավոր իրավիճակ է, որից պետք է արժանապատվորեն դուրս գալ։ Հավատում ենք, որ մեր կատարած աշխատանքով կկարողանանք հասնել նրան, որ օգնենք մարդկանց դուրս գալ կարիքավորի ժամանակավոր իրավիճակից։
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի նախագահ՝ Բարույր Ջամբազյան

Կարգախոս
Օգնի՛ր, որ փոխես