Հեռանկար

Հայաստանը տեսնել սոցիալական այնպիսի վիճակում, որտեղ չկան սուր հակասություններ, որտեղ մարդը կկարողանա աշխատել ու ապրել ինքնաբավ, արժանավայել կյանքով։ Հայի ընտանիքը տեսնել ազգային արժեքներով, ազգային ավանդույթներով ձևավորված ամուր հիմք՝ որպես պետականաշինության կարևոր գրավական։ Կարիքից դառնացած մարդկանց մտածելակերպը տեսնել նորոգված, սիրտը՝ զոհաբերող, արարքները՝ հայրենանվեր։

Երջանիկ մանկություն երեխաների համար, որպեսզի ոչ մի երեխա սոցիալական ծանր պայմանների պատճառով ստիպված չլինի ապրել մռայլ, կիսասոված մանկություն։ Անկախ սոցիալական պայմաններից՝ յուրաքանչյուր երեխա պետք է ունենա դպրոց հաճախելու, ուսում ստանալու, ընտանիք կազմելու համար նախապայմաններ և ճանապարհներ։ Ճնշված կյանքով ու մտածելակերպով երեխան չի կարող լիարժեք քաղաքացի մեծանալ։ Մեր երկրին գրագետ, ուժեղ սերունդ է պետք։