Նախագահ

Բարույր Ջամբազյանը ծնվել է 1971 թվականի հուլիսի 27- ին Լիբանանում, Հակոբ և Քնար Ջամբազյանների երկրորդ որդին է: Մեծացել է հայկական ավանդույթներին նախանձախնդրորեն հետևող, օտարամոլությունը մերժող ծնողների սիրո և հոգատարության մեջ։ Մանկության տարիների հիշողությունների ցավոտ կողմը` Լիբանանում այդ տարիներին ծավալված պատերազմի, ապաստան փնտրող անօգնական մարդկանց թշվառ վիճակի հետ է կապված։ Ջամբազյանների ընտանիքը ստիպված է լինում մի քանի անգամ գաղթել դեպի Ամերիկա, Անգլիա, իսկ հետո Գերմանիա: 1979 թվականից ընտանիքը վերջնականապես հաստատվում է Գերմանիայում:

1989 թվականի ամռանը Բարույր Ջամբազյանն առաջին անգամ գալիս է Հայաստան: Երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների համար Գերմանիայի ՀՕԿ-ի կազմակերպած օգնությունը տեղ հասցնելու նպատակով նա մյուս կամավորների հետ այցելում է բազմաթիվ ընտանիքների ու ընդունում որոշում`տեղափոխվել հայրենիք ու աշխատել իր ազգի համար: Որոշումը պահի հոգեբանական ծանր ազդեցության տակ չի կայացնում. դա դառնում է նպատակ, բայց նախ պետք է ավարտեր դպրոցը և ուսում ստանար: 1992 թվականին ավարտելով դպրոցը՝ Բարույրն ընդունվում է Մյունստերի համալսարան և սկսում է ուսանել հոգեբանություն: Հինգ տարի ուսանելուց հետո ուսումը շարունակում է Զիգենի համալսարանում: Դիպլոմային աշխատանքը գրելու նպատակով 1998 թվականին գալիս է Հայաստան, այցելում Սևանի հոգեբուժարան: Կարճ ժամանակ անց ծնողներին հայտնում է Հայաստանում հաստատվելու իր որոշումը։ 1999 թվականից սկսում է աշխատել այն ժամանակ դեռ Հայ Օգնության Կենտրոն բարեգործական կազմակերպությունում, որը հիմնադրել էր հայրը՝ Հակոբ Ջամբազյանը: 2001 թվականին ՀՕԿ-ի և շվեցարական «Դիակոնիա ինտերնացիոնալ» բարեգործական կազմակերպության համագործակցության արդյունքում Հայաստանում հիմնադրվում է «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը, որի նախագահը, աշխատանքների ղեկավարն է դառնում Բարույր Ջամբազյանը: Մինչ օրս նա հիմնադրամի նախագահն է ու բոլոր նախագծերի ակտիվ իրականացնողը:

Բարույր Ջամբազյանն ամուսնացած է, ունի որդի` Մենուան, և դուստր` Մարին: