Մեղվաբուծության զարգացում Լորուտ գյուղում

Տարիներ շարունակ /Խորհրդային տարիներին/ Հայաստանում ընդունված կարգ է եղել դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում արտադրական պրակտիկա կազմակերպելու գաղափարը: Տարիների ընթացքում այդ պրակտիկան քաղաքներում լիովին, իսկ որոշ տեղերում` մեծ մասամբ չի կիրառվում: Այս սկզբունքը երեխաների աշխատանքային դաստիարակությանն ուղղված հիանալի մեթոդ էր. երեխան մանկության տարիներից ծանոթանում էր աշխատանքների կազմակերպմանը, աշխատանքի դժվարություններին և արդյունքից ստացած ուրախությանը: Սա նաև հարգանք էր սերմանում դիմացինի կատարած աշխատանքի հանդեպ:
Ուսումնական պրոցեսի կարևոր մաս կազմող աշխատանքային դաստիարակությունն այսօր մեծ տարածում ունի առաջադեմ աշխարհում: Հայաստանի համար հովանավորների կողմից նման ծրագիրն իրականացնելը ոչ միայն աշխատանքային դաստիարակությանն է ուղղված, այլև գյուղական համայնքների զարգացմանը:
2014թ. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի և հովանավորների աջակցությամբ Լոռու մարզի Լորուտ գյուղի միջնակարգ դպրոցը ձեռք բերեց 40 մեղվափեթակ և նույնքան էլ մեղվաընտանիք: Ծրագրի նպատակը դպրոցի աշակերտներին մեղվապահություն սովորեցնելն էր, որը հետագայում նրանց համար մասնագիտություն կդառնար: Ծրագրի մյուս կետն էլ այն է, որ մեղուների քանակի ավելացման պարագայում մեղվապահություն սովորող երեխաներից յուրաքանչյուրը կկարողանա մեկական փեթակ տանել իրենց տուն և, բացի դրանից, մեղուներից ստացված բերքի մի մասն էլ կհատկացվի դպրոցին ու մանկապարտեզին` որպես սնունդ երեխաների համար: Ծրագիրը զբաղվածության խնդիր է լուծում, նաև մի ամբողջ գյուղի բնակիչներին եկամուտ ստանալու հնարավորություն է տալիս: Ծրագիրը շարունակական է` այսպիսով նպաստելով ևս մեկ համայնքի զարգացմանը: