Դպրոցական ծրագրեր
Դպրոցական երեխաների առողջական վիճակը հաճախ կարող է խոսել մի շարք խնդիրների մասին: Ասում են դպրոցը երեխայի համար այն միջավայրն է, որը ոչ միայն ապահովում է կրթական մակարդակ, այլև հանդիսանում որպես առողջ միջավայր՝ երեխայի աճի և զարգացման համար: Ի վերջո կրթությունը բոլոր ժամանակներում համարվել է առողջ և զարգացած հասարակության հիմնաքար, ինչպես նաև քաղաքացիական մշակույթի ու ժողովրդավարական քաղաքականության գործընթացներում մասնակցությունը խթանող կարևոր գործոն:
Այս պատկերը սակայն փոխվում է սոցիալապես ծանր պայմաններում գտնվող երեխաների դեպքում՝ ստեղծելով նրանց համար լրացուցիչ խոչընդոտներ, իսկ մեզ դիմողների թիվն արդեն իսկ խոսում է նրանց հուսահատության մասին: Ուսումնական տարվա մեկնարկը սովորաբար երեխաների համար ուրախության մի նոր առիթ է հանդիսանում, նոր հնարավորությունների, նոր ժամանակի, սիրելի ու սպասված դասախաղերի կազմակերպման համար, բայց ցավոք նրանցից ոչ բոլորն են կարողանում դիմավորել ու ճանապարհել ուսումնական տարվա բոլոր ամիսները` անհրաժեշտ հագուստի ու գրենական պարագաների խիստ կարիքի պատճառով։ Երեխաների առօրյա հուսալքությունը վրա է հասնում հատկապես աշնան ու ձմռան ամիսներին, երբ ցրտահարությունները, սելավներն ու ուժեղ քամիները վրա են հասնում, դրանով իսկ երեխաներին դպրոց գնալը, հաճելի զգացմունքներ պարգևելու փոխարեն, խնդրի առջև է կանգնեցնում, քանի որ իրար են բախվում իրականությունն ու ընտանիքում առկա ֆինանսական հնարավորությունները, երբ հնարավոր չի լինում նույնիսկ ամենաբաղձալի ցանկության դեպքում աղքատությունը խոչընդոտել դպրոցում ունեցած առաջադիմությամբ:
Ցավոք մեր կողքին այսօր ապրում են նույն իրավունքներով, նույն պահանջմունքներով նմանօրինակ հազարավոր երեխաներ, որոնք զուրկ են ոչ միայն դպրոցական հագուստից ու գրենական պարագաներից, այլ նաև ջերմ վերաբերմունքից, հաճախ նաև ծնողական սիրուց, ինչու ոչ նաև կուշտ փորով գիշերը խաղաղ լուսացնելու բնական պահանջից:
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն ամեն տարի` շնորհիվ բարեգործ ու գթասիրտ մարդկանց, հոգում է այն մասին, որ հարյուրավոր երեխաներ հաճախեն դպրոց, զերծ պահելով նրանց կենցաղային դժվարությունների մասին մտածելու հոգսից, օգնելով անապահով ընտանիքներին և երեխաներին դժվարությունները հաղթահարել թերևս միակ զենքով՝ գիտելիքով:
Առավել դժվար է այն երեխաների հոգեբանական վիճակը, որոնք պետք է գնան առաջին դասարան: Նրանց սպասումները մեծ են՝ ներկայանալ ապագա դասընկերներին, ուրախանալ ու հպարտանալ իրենց կյանքի այդ կարևորագույն փուլը մտնելով: Սակայն այս երեխաները ականատես են լինում իրենց ծնողների հուսահատ փնտրտուքներին, չեն կարողանում իսկապես հասկանալ, ինչու են իրենք աղքատ այն աստիճան, որ սպիտակ մաքուր վերնաշապիկ ու նոր մի պայուսակ` գրիչներով ու տետրերով լցված, կարող է դեռ երկար մնալ որպես երազանք:
Դպրոց հաճախելու իրավունքը Հայաստանում անվճար է, երեխաներին տրվում են նաև անվճար դասագրքեր յուրաքանչյուր դասարանի համար: Նրանք այդ գրքերը տարվա վերջում պետք է հետ հանձնեն դպրոցին, որպեսզի մյուսները ստանան դրանք ու շարունակեն սովորել: Երեխաները պարտավոր են սակայն պատշաճ տեսքով, համապատասխան գրենական պիտույքներով և տետրերով, դպրոցական պայուսակով հաճախել դպրոց: Այս ամենը ձեռք բերելու համար ամեն մի երեխայի հաշվով անհրաժեշտ է մոտ 40.000-50.000 դրամ:
Հիմնադրամին արդեն մայիս ամսից սկսում են դիմել բազմաթիվ ընտանիքներ խնդրանքով` ապահովել երեխային դպրոցական անհրաժեշտ պարագաներով ու հագուստով, նախապես իմանալով, որ իրենց կարիքը լրջորեն ուսումնասիրվում է հիմնադրամի կողմից ու տրվում է հնարավորինս արագ ու արդյունավետ լուծում: Իսկ այս հարցում մեզ միշտ աջակից են գործն իրենց բարության ու մարդասիրության շնորհիվ իրականացնող դոնորները` հիմնադրամի անդավաճան ընկերները: Նրանց շնորհիվ է, որ ամեն ուսումնական տարվա սկզբում բազմաթիվ փակ թվացող դռներ են բացվում այն երեխաների համար, որոնք դպրոց հաճախելու հնարավորության բացակայությունից փողոցը դարձրել էին իրենց տունն ու ապագան, և օր օրի հեռանում էին բարեկեցիկ կյանք և գիտելիք ունենալու հույսից:
Հպարտ ենք նրանով, որ ունենք աշխատանքի այնպիսի վիճակագրություն, որը թույլ է տալիս տարիների ընթացքում տեսնել այն պատանիներին ու աղջիկներին, որոնք մի ժամանակ հուսահատ դիմել են բարեգործի օգնությանը, իսկ այսօր համարվում են իրենց դպրոցների լավագույն սաները:
Տալ մի երեխայի դպրոց գնալու հնարավորություն, նշանակում է ամրացնել նրան հոգով, մարմնով, դարձնել նրան լիարժեք մարդ: Այս նպատակին ենք կցված մենք բոլորս ու հպարտ ենք շղթայի մի մասնիկը լինելու համար: