Ալավերդու բժշկական կենտրոնի կառուցում

Տուբերկուլյոզի բուժումը Հայաստանում անվճար է իրականացվում, սակայն մարդկանց անհրաժեշտ է ճանապարհածախս, որպեսզի Հայաստանի տարբեր շրջաններից հասնեն այս հիվանդության բուժման միակ կենտրոն, որը գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Տուբերկուլյոզով հիվանդների թիվը շատ մեծ է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում` պայմանավորված քաղաքում աղքատության բարձր մակարդակով, սակայն հիվանդները, որոնց մեծ մասն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, չեն կարողանում գնալ Ալավերդուց 200 կմ հեռու գտնվող Աբովյան քաղաք և բուժում ստանալ: Այսպիսի կենտրոն կառուցելը մեծ անհրաժեշտություն էր քաղաքի համար, որի ծառայություններից կարող էին օգտվել նաև մարզի այլ քաղաքների ու գյուղերի բնակիչներ:

«Դիակոնիա» բ/հ-ն Ալավերդի քաղաքում «Մենսենքինդերեն» հիմնադրամի օգնությամբ համապատասխան բժշկական կենտրոն կառուցելու ծրագիր մշակեց: Ալավերդու բժշկական կենտրոնին կից կար մի շինություն, որը լքված էր և չէր համապատասխանում նմանատիպ կենտրոնի ստանդարտներին, հետևաբար անհրաժեշտ էր վերանորոգել այն և ստեղծել համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններ: Երկար ժամանակ պահանջվեց մինչև շենքը ստացավ իր վերջնական տեսքը, բայց դա պայմանավորված էր նրանով, որ շենքի բարեկարգումը մանրակրկիտ ու երկարատև աշխատանք էր պահանջում և հիգիենայի կանոնները պահելու համար անհրաժեշտ էր ամեն բան ճիշտ իրականացնել: Սկզբում կատարվեցին ապամոնտաժման աշխատանքները, փոխվեց նաև շենքի նախագիծը, քանի որ նախկին շենքը չէր համապատասխանում ստանդարտներին: Տուբերկուլյոզի կենտրոնն ունեցավ 3 հիվանդասենյակ, 2 լաբորատորիա, սանհանգույց, միջանցք: Կենտրոնի համար բացվեց նաև նոր մուտք, ինչպես որ նախատեսվել էր նախնական ծրագրով: Այսինքն` տուբերկուլյոզի կենտրոնն ունեցավ 2 մուտք, մեկով հիվանդ մարդը մտնում և ստանում է համապատասխան բուժում, և արդեն առողջացած հիվանդանոցից դուրս գալիս մյուս մուտքով: Տուբերկուլյոզի բուժման կենտրոնի կառուցման առաջին խնդիրն այն էր, որպեսզի հիվանդը հնարավորինս մեկուսացվի առողջ մարդկանցից, որպեսզի նաև կանխարգելվի հիվանդության տարածումը առողջ մարդկանց շրջանում: Այժմ քաղաքն ունի տուբերկուլյոզի բուժման և կանխարգելման կենտրոն, ինչը կնպաստի քաղաքի, ինչպես նաև մարզի բնակիչների առողջության որակի բարձրացմանը: Քաղաքի և նրա հարակից գյուղերի տուբերկուլյոզով հիվանդ բնակիչները այս կենտրոնում ստանում են մասնագիտական արդյունավետ բուժում, իսկ պրոֆիլակտիկ բուժզննումները հնարավորություն կտան կանխարգելել հիվանդության հնարավոր զարգացումը: