Տնօրեն` Բարույեր Ջամբազյան

Բարույեր Ջամբազյանը ծնվել է 1971 թվականին Լիբանանում, Հակոբ և Քնար Ջամբազյանների երկրոդ որդին է: Մեծացել է մի հոգատար ընտանիքում, որտեղ պահպանվում էին հայ ավանդական արժեքները: Մանկության տարիների դրական հիշողությունները սակայն միախառնվում են Լիբանանում ծավալված պատերազմի պատկերների հետ: Նրա ընտանիքը ստիպված է լինում փախչել և գաղթել դեպի Ամերիկա, Անգլիա և վերջնականապես հաստատվում է Գերմանիայում:

1988 թվականի ամռանը Բարույեր Ջամբազյանը առաջին անգամ գալիս է Հայաստան: Նա ուղեկցում էր Հայաստան տեղափոխվող հումանիտար օգնությունը, որը նախատեսված էր անօթևան մնացած ընտանիքներին օգնելու համար: Ստացած տպավորություններից ոգեշնչված` Բարույեր Ջամբազյանը որոշում է կայացնում ուսումն ավարտելուց հետո հաստատվել հայրենիքում ու ծառայել այնտեղ ապրող մարդկանց` իր սիրելի ժողովրդին: Սակայն մինչ այդ նա դեռ երկար ճանապարհ ուներ անցնելու: Նախ հոգեբանություն է սովորում Մյունսթերի համալսարանում, ապա ուսումը շարունակում Զիգենի համալսարանում: Իր դիպլոմային աշխատանքը գրելու համար նա 1998 թվականին կրկին Հայաստան է գալիս ու այցելում տարբեր հոգեբուժական կլինիկաներ: 1999 թվականին Բարույեր Ջամբազյանը վերջնականապես բնակություն է հաստատում հայրենիքում և սկսում է աշխատել այն կազմակերպությունում, որը նրա հայրն էր հիմնադրել` Դիակոնիա բարեգործական հիմնադրամում:

Բարույեր Ջամբազյանը ամուսնացած է Աննայի հետ, ունի երկու երեխա, հանդիսանում է հիմնադրամի տնօրենը: