Օգնություն՝ Վանաձորի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցին
Այսօր «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը՝ փոխտնօրեն Աննա Ջամբազյանի ղեկավարությամբ այցելեց ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոց, որտեղ ապրում և կրթություն են ստանում մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող կարիքավոր ընտանիքների 82 երեխաներ, ովքեր այստեղ են գալիս Լոռու մարզի տարբեր գյուղերից և քաղաքներից: Դպրոցի տնօրեն՝ Սասուն Հարությունյանը, կարևորում է ամեն մի սանի խնդիրը, փորձելով իրականացնել հնարավոր ամեն ինչ այս երեխաների օրը հարմարավետ ու հետաքրքիր դարձնելու համար, քանի որ սաների խնդիրները շատ են: Ուսումնասիրելով խնդրի առարկան ու նրա հրատապությունը «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը դպրոցի սաների համար իրականացրեց մի քանի ծրագրեր, որոնք ուղղված են երեխաների զբաղվածության կազմակերպմանն ու նրանց ֆիզիկական առողջության պահպանմանը: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ դպրոցին կից կառուցվեց 1000 քմ ջերմոց, վերանորոգվեց և կահավորվեց դպրոցի խոհանոցը, որտեղ կա նաև հատված հրուշակագործությամբ զբաղվելու համար: Երեխաների ֆիզիկական առողջության պահպանման համար հիմնադրամը դպրոցին նվիրաբերեց հինգ հատ հատուկ ստեպ-մարմնամարզիչ սարք, որոնք խիստ կարևոր էին դպրոցի հաշմանդամ սաների առողջության պահպանման համար: Նրանց շնորհիվ այլևս հնարավոր կլինի կանխարգելել ու վերականգնել երեխաների մոտ առկա հենաշարժողական խնդիրները:
«Երեխաներին վերաբերող ծրագրերում ներդրում կատարելը ոչ միայն բարոյական, սոցիալական կամ տնտեսական պարտավորություն է մեզ համար, այլ նաև սրտի գործ, իսկ սրտով արված գործը խոսքով չի սահմանափակվում: Այսօր «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը փորձում է իրականացնել զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք խոստումնալից տեսլական ունեն երեխաների և դեռահասների առողջության պահպանման գործընթացում: Մեզ հարկավոր են այս ներդրումները, քանի որ դրանք կարևոր են ոչ միայն այսօրվա երեխաների, այլ նաև մեր ազգի կայունության ու բարգավաճման գործընթացի համար»,- նշեց «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Աննա Ջամբազյանը: