Վերքերը թարմ են
Վերքերը թարմ են ու չեն էլ սպիանա, ինչպես և չեն վերադառնա այն հերոսները, որոնք ընկան…
Սահմանին կյանքն այնպիսին է, ինչպիսին կարող է լինել ամեն վայրկյան պատերազմի վտանգի սպասող իրականության մեջ։ Մարդիկ համակերպվել են այս վիճակին, որովհետև գնալու տեղ չունեն, որովհետև չեն ուզում լքել իրենց հարազատ դարձած գյուղն ու տունը, որովհետև գիտեն, որ նույնիսկ իրենց ներկայությամբ սահմանին կանգնած զինվորի թիկունքն են պահում, որովհետև իրենց տունն այստեղ է ՝ սահմանին։ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն իր աջակցության ծրագրերով մի քանի անգամ արդեն եղել է ՀՀ տարբեր սահմանամերձ շրջաններում, ԼՂՀ գյուղերում ու զորամասերում։ ԼՂՀ կառավարության հետ քննարկել զարգացման հեռանկարային բազմաթիվ հարցեր, որոնք աստիճանաբար կյանքի են կոչվում, սակայն մինչ այդ մենք չենք կարող անտեսել նաև աջակցության կարիք ունեցող այն ընտանիքներին, որոնք չհայտարարված պատերազմում կորցրել են իրենց կերակրողին, որոնք ամենօրյա կրակահերթերի տակ, մահվան վտանգն աչքի առաջ հող են մշակում, անասնապահությամբ զբաղվում, որպեսզի ապրեն։ Նրանք արժանապատիվ ու հպարտ մարդիկ են, որոնք չեն վախենում աշխատանքից, բայց ավելին, քան անում են, չեն կարող․ այս շրջաններում ապրած ամեն օրը հերոսություն է։ «Հարևան» երկրից ամեն օր լարված են պահում մեր սահմանամերձ շրջանները։ Երեխաները դպրոց գնում են վախի զգացումով, բայց գնում են․ ուզում են սովորել։ Տղամարդկանց մեծ մասը սահմանն է պահում, իսկ նրանք, ովքեր պատերազմի հաշմանդամ են, իրենց գյուղն ու քաղաքն են պաշտպանում․․․ իրենց ներկայությամբ, վճռականությամբ։ Այս տարի կլրանա ապրիլյան քառօրյա պատերազմի մեկ տարին, ինչը շատ բան փոխեց թե՛ մեր հոգեբանության, թե՛ առաջնագծի պաշտպանության հարցում: Վերքերը թարմ են ու չեն էլ սպիանա, ինչպես և չեն վերադառնա այն հերոսները, որոնք ընկան… գնդակոծված տներն ու դպրոցները դեռ երկար կհիշեցնեն կատարվածը։ Շատ տներում կորուստն անձնական է, անդառնալի, բայց զինվորի կորուստը մեզ համար երբեք ուրիշի կորուստ չի լինում․ բոլորը մերն են, մեր տղերքը։ Մարդիկ ապրում են մեկը մեկին օգնելով․ գիտեն, որ մի բան պատահի, իրենք են առաջինն իրար հասնելու։ Կարծում եմ ցանկացած տիպի աջակցություն, լինի դա նյութական, թե՛ հոգեբանական նրանց էլ ավելի վստահություն կտա, նրանք պետք է իմանան, որ իրենց մասին երբեք չեն մոռանում, որ ամենօրյա նրանց հերոսությունը հարգվում ու գնահատվում է ոչ միայն կառավարության, այլ նաև բոլորիս կողմից, և ինչ էլ որ լինի նրանք զինվորի թիկունքին պիտի լինեն։
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի նախագահ՝ Բարույր Ջամբազյան