Սուրբ Սարգսի տոնը

Սուրբ Սարգսի տոնը կարևոր է նախ հոգևոր խորհրդի շուրջ մտածելու համար…

Այս տարի փետրվարի 11-ին նշում ենք Սուրբ Սարգսի տոնը: Նա ոչ միայն հմուտ զորավար է եղել, այլև քրիստոնեության տարածման գործի նվիրյալ ու իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատի:
Մեր ժողովուրդը սիրում է այս տոնը, Սուրբ Սարգսի հետ կապված բազմաթիվ պատմություններ, ավանդազրույցներ են փոխանցվել սերնդից սերունդ: Ավելին, Հայաստանի տարբեր մարզերում մինչև օրս տոնը նշելու իրարից տարբերվող միջոցառումներ ու տոնախմբություններ են կազմակերպվում, տարբեր դարերում Սուրբ Սարգսին նվիրված եկեղեցիներ, վանքեր ու մատուռներ է կառուցել ժողովուրդը, ու դրանք այսօր վերածվել են ուխտավայրերի: Իմ մանկության տարիներից ես էլ տոնի հետ կապված ուրախ, գունավոր հիշողություններ ունեմ, բայց միշտ հիշում եմ տոնի հոգևոր խորհուրդը: Դարեր շարունակ մեր ժողովուրդն իր տարբեր խնդիրները լուծելու հույսը կապել է Ճերմակ ձիավորի հետ: Հավատացել է, որ նա սանձում է հողմերը, քամին, բուքը, կայծակն ու կարկուտը, սրընթաց ձիով շրջում է սարերում և ճանապարհին մոլորված մարդկանց կյանքն է փրկում, օգնության հասնում կարիքի մեջ գտնվող մարդկանց: Մարդկանց հատկապես դուր է գալիս այս տոնին նվիրված, դարերից եկող ժողովրդական, ավանդական տոնակարգը: Սուրբ Սարգիսը համարվել է նաև սիրահար զույգերի արագահաս օգնականն ու ընտանիքների հովանավորը: Մի կարևոր խորհուրդ ունի այս տոնը, որը հաճախ մոռանում ենք տոնի ուրախությունները վայելելիս: Անձնազոհ նվիրաբերումներից, հիվանդներին բժշկելուց, հղիներին պաշտպանելուց բացի Սուրբ Սարգիսը նեղ վիճակներում գտնվողներին ուժ է տվել, իր միջամտությամբ ու հավատով մարդկանց մղել է հավատով գործել, նախաձեռնություն ցուցաբերել` իրենց խելքով, իրենց տրամաբանությամբ: Կուզեք` ուղիղ իմաստով, կուզեք` այլաբանության, իմաստը մեկն է` մարդուն ոչ միայն ձուկ է պետք տալ, այլև կարթ, որ ձուկ բռնել սովորի: Մարդուն օգնում ես, որ փոխես նրա իրավիճակը, բայց պետք է փոխվի մարդու նախ` մտածելակերպը, մտածելակերպը պետք է նորոգվի, որպեսզի չցանկանա հարմարվել կարիքով ապրողի վիճակին: Նաև սա է քարոզել Սուրբ Սարգիսը: Մարդն իր ինքնագնահատականը բարձրացնում է ոչ թե դատարկ մեծամտությամբ, այլ իր կյանքի, մտածելակերպի նորոգմամբ: Իհարկե, եթե կարիքավոր է, օգնության կարիք ունի, նրա աղոթքներն առ Աստված անպայման հասնում են բարերարներին, Աստված օգնելու ցանկություն է դնում այդ մարդկանց սրտում, ու մարդիկ օգնում են: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի գործունեությունն ուղղված է հենց դրան, որ քաղցած, անտեսված երեխաներ չլինեն, որ լքված գյուղեր չլինեն, որ սահմանին կանգնած զինվորը հանգիստ լինի` իմանալով, որ թիկունքն ապահով է, որ հիվանդի օգնության կանչերը չանտեսվեն, որ մարդկանց սրտերը ունեցվածքի մեծությունից չկարծրանան, կարիքից էլ չդաժանանան: Ուզում եմ, որ այս տոնը նշելիս մի քիչ մտածենք նաև տոնի հոգևոր խորհրդի մասին: Մեզ դա շատ է պետք :

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի նախագահ` Բարույր Ջամբազյան