Սննդօգնության ավանդույթը

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամում սննդօգնությունն ընդունված ավանդույթ է:
Գործ՝ ոչ թե ներկայացնելու, այլ իրական աջակցություն՝ սրտանց օգնելու համար:
1999 թվականից սկսած «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն իր հոգածության տակ գտնվող ավելի քան 3000 շահառուների համար ամեն ամիս իրականացնում է սննդօգնության հատուկ ծրագիր. պարենամթերք, առաջին անհրաժեշտության սնունդ՝ սահմանափակ հնարավորություններով երեխաներին, ծնողազուրկ, սոցիալապես անապահով ընտանիքների, արցախյան հակամարտության ընթացքում տուժած ընտանիքների երեխաներին: Առանց ուշացումների, ամսվա սահմանված օրը շահառուները Երևանում և ՀՀ տարբեր մարզերում ստանում են իրենց համար նախատեսված հատուկ փաթեթներ (բրինձ, ոսպ ,շաքարավազ, բուսայուղ, տոմատի մածուկ, ալյուր, յուղ, հնդկաձավար և այլն ): Երևանաբնակ և հարակից մարզերի շահառուներն օգնությունը ստանում են Հիմնադրամի գրասենյակից, իսկ մնացած շահառուների փաթեթները հիմնադրամի ավտոմեքենաները հասցնում են համապատասխան մարզ:
Դեկտեմբերի 23-ին իրականացվեց 2016-ի տարեվերջյան աջակցությունը։
Հին տարին մոտենում է իր ավարտին։ Հիմնադրամը նոր տարվա համար նախապատրաստել է նոր աջակցության և օժանդակության ծրագրեր։
Հավատում ենք, որ նոր տարին շահառուներից յուրաքանչյուրի ընտանիքում հաջողության, առողջության ու նոր հույսի լույսեր կվառի, ապահովության զգացողությունը նրանց ուղեկից կլինի ողջ տարվա ընթացքում, իսկ մենք էլ, ինչպես միշտ, սրտի նույն դիրքով մեր կարիքը զգացող մարդկանց կողքին կլինենք։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։ Թող Նոր 2017-ը լինի Աստծո սիրով ու ողորմությամբ լի, աստվածահաճո գործերի ու խաղաղության տարի։