Ուսման վարձի ֆինանսավորում
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը, կարևորելով երիտասարդության վճռորոշ դերը մեր երկրի զարգացման գործում, ավանդույթի համաձայն այս տարի ևս աջակցեց բազմաթիվ ուսանողների ուսման վարձի ֆինանսավորման հարցում: Հիմնադրամին դիմած 50-ից ավել ուսանողներ ստացան ուսման վճարի ամբողջական փոխհատուցում: Ուսանողների ընտրությունը կատարվել է հաշվի առնելով նրանց առաջադիմությունն ու սոցիալական կարգավիճակը:
Այսօր «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կոորդինատոր Արուս Մանիկյանի նախաձեռնությամբ հիմնադրամում հավաքվել էին ուսանողներից մի քանիսը: Ջերմ և ընտանեկան մթնոլորտում ուսանողները պատմեցին, թե ինչպիսի պլաններ ունեն կապված իրենց մասնագիտական առաջընթացի հետ: Հնչեցին երախտիքի խոսքեր ուղղված այս կարևոր ծրագրի կայացման հովանավորներին և այն բոլոր մարդկանց, ովքեր ամեն կերպ աջակցեցին մեր երիտասարդներին հնարավորություն ունենալու ստանալ լիարժեք կրթություն:
Ինչպես ասել է Գարեգին Նժդեհը «Եթե ուզում ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան, նայի՛ր նրա երիտասարդությանը»: Նրանք են մեր երկրի վաղվա օրը, և մեր կարևորագույն առաքելություններից է օգնել նրանց կրթվել հայաստանյան և արտասահմանյան լավագույն ուսումնական հաստատություններում, դառնալ իրենց գործի հմուտ մասնագետներ, որոնք ապագայում խթանելու են մեր հայրենիքի առաջընթացը և դարձնելու են այն ճանաչելի ողջ աշխարհում: