Շնորհավոր Հաղթանակի տոնը

Շնորհավոր մեր Հաղթանակի և խաղաղության տոնը

72 տարի առաջ այս օրն ազդարարվեց Հայրենական մեծ պատերազմի ավարտը: Աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ նաև մեր պապերի սխրանքով ամրագրված հաղթանակը Հայաստանը փրկեց վերահաս աղետներից, հնարավորություն տալով կառուցել խաղաղ ու ստեղծագործ ապագա: Հայորդիների քաջագործությունների օրինակով սերունդներ կրթվեցին ու դաստիարակվեցին, նրանք պատգամեցին արժեքներ, որոնք տասնամյակներ անց մեկ անգամ ևս հաստատեցին մերօրյա հերոսները, այս անգամ արդեն` 1992-ին Շուշիում: Մայիսի 9-ը մեզ համար դարձավ հաղթանակի և խաղաղության նոր խորհրդանիշ, նոր հույսերի, նոր կյանքի ու նոր երազանքների սկիզբ: Շուշիի ազատագրմամբ վերականգնվեց հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու լիիրավ իրավունքը, ամրապնդվեց մարտերում կոփված հայոց հաղթական ոգին։
Հիմա կողք կողքի ապրում են ավագ ու նոր սերնդի ներկայացուցիչները: Ամեն տարի մայիսի 9-ին նրանք հանդիպում են իրենց նահատակված զինակիցների հիշատակի շիրիմներին այցելելիս: Հիշողություններով չեն փոխանակվում. այս օրն ընկածներին որպես ողջ հիշելու օր է, այս օրը հպարտության օր է մեզ համար, այս օրը խաղաղության գինը մեկ անգամ ևս բոլորին հիշեցնելու և հետևություններ անելու օր է:
Խոնարհվում եմ հանուն մեր ազատության, անկախության ու Հայոց հողի համար իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակի առաջ:
Շնորհավոր Հաղթանակի և խաղաղության տոնդ, իմ հայ ժողովուրդ:
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի նախագահ` Բարույր Ջամբազյան