Նվեր-փաթեթներ

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի մոտ 4000 շահառուներն օգտվում են Հիմնադրամի տարբեր ծրագրերից, և այդ օգնությունը կազմակերպվում է հստակ սահմանված ժամանակացույցով: Մեր մեծ ընտանիքի անդամների հոգսը թեթևացնելուն ուղղված տարբեր ծրագրեր ենք մշակում և իրականացնում, բայց կա մի բան, որի ուրախությունը միշտ անակնկալի է բերում մեր շահառուներին` անկախ այն բանից, թե որքան հաճախ է կազմակերպվում: Խոսքը նվերներ- փաթեթների մասին է: Այս անգամ ևս ավանդույթի համաձայն, պատրաստվում էինք անակնկալները հասցեատերերին հասցնելու ուրախությանը: 2000-ից ավելի շահառուներ Երևան քաղաքից և ՀՀ տարբեր մարզերից նվերներ ունեին` խաղալիքներ, ծածկոցներ, կենցաղային իրեր: Ոգևորված էինք նաև մենք. անբացատրելի ուրախություն էր տեսնել մարդկանց ոգևորությունը: Նրանք միայն նվերի տեսքը, քանակը, արժեքը չեն կարևորում, այլ այն ուշադրությունն ու հոգատարությունը, որով շրջապատված են: Բոլոր նվեր-փաթեթների մեջ կար նաև Աստվածաշունչ: Պատահական չէր այս Նվերը, քանի որ այն ամբողջ կյանքի համար է. հոգևոր սնունդ է: Մարդը կարող է կշտանալ աչքով, ստամոքսով, բայց եթե հոգին սոված է, միշտ իրեն կարիքի մեջ է զգալու:

Հիմնադրամը հատուկ շնորհակալություն է հայտնում բոլոր հովանավորներին` այս երեխաներին ու ընտանիքներին այսքան ուրախություն պարգևելու համար:
Առանձնահատուկ շնորհակալություն նաև մեր բոլոր աշխատակիցներին` այս հսկայածավալ ու աստվածահաճո աշխատանքը կազմակերպելու և իրականացնելու համար: