Մանկաբույժի հերթական տնայցերը
Դիակոնիա բարեգործական հիմնադրամի մանկաբույժ Մարինա Ղուկասյանը կատարեց իր հերթական տնայցերը` հիմնադրամի շահառու հանդիսացող, տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող երեխաների տներ, զրուցեց նրանց խնամողների, ծնողների, բուժող բժիշկների հետ: Նշենք նաև, որ երեխաներից շատերը, ի ուրախություն մեզ, իրենք այցելեցին հիմնադրամ ու ունեցան մի քանի ժամ` խաղերի ու իրենց ուղեկցող բժշկի հետ զրույցի համար:
Սոցիալապես ծանր վիճակում գտնվող այս ընտանիքներում ապրող հաշմանդամ երեխաների համար հիմնադրամը ապահովում է ամենամսյա դեղորայք, հատուկ սնունդ, տակդիրներ և խնամքի այլ պարագաներ: «Թվարկել բոլոր այն հիվանդությունները, ինչի հետ որ գործ ունենք, պարզապես անհնար է: Պետք է միայն մի փաստի վրա կենտրոնանանք. Այս երեխաները լուսավոր, ուրախ էակներ են, ուզում են խաղալ, վազվզել, շփվել իրենց տարեկիցների հետ, դուրս գալ տանից: Բայց նրանք բանտարկված են այս կամ այն հիվանդության պատճառով: Յուրաքանչյուրիս գերնպատակը պետք է լինի ուշադրության կենտրոնում պահել այս երեխաներին, չթողնել, որ նրանց ծնողները հուսալքվեն: Միայն սոցիալական խնդիրներն այսօր բավական են, որ այս մարդիկ չկարողանան ապահովել իրենց հաշմանդամություն ունեցող երեխաների ամենատարրական խնամքը կամ դեղորայքը: Հիմնադրամին աջակցող մեր ընկերների շնորհիվ` այս երեխաների համար ապահովվում ենք հատուկ թերապիայի ժամեր, դեղորայք, խնամքի անհրաժեշտ պարագաներ, տակդիրներ, հենասայլակներ և այլն: Ամսվա կտրվածքով հիսունից ավել տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելը դժվար, պատասխանատու աշխատանք է: Անում ենք առավելագույնը այս երեխաների համար: Ու համոզված ասեմ, որ շարունակական դրական տեղաշարժեր գրանցելու այս մարդկանց հոգսը թեթևացած տեսնելը այս աշխատանքի ցանկալի արդյունքներն են»,-նշեց 2003 թվականից հիմնադրամի մանկաբույժ հանդիսացող Մարինա Ղուկասյանը: