Հրուշակագործության խմբակ

Ոչինչ այնպես չի մտերմացնում, որքան միասին պատրաստած կերակուրը:

Երբ դասաժամին աղմուկ է, ուրեմն` մի բան այն չէ: Ճշմարտությունն այս դասաժամերի համար չէ, հատկապես` գործնական պարապմունքի: Դե պատկերացրեք` այսքան ոգևորված մարդ, շտապում են իրենց իմացածը պատմել` գործով, անուշաբույր արդյունքով: 
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի մասնագիտական կրթական կենտրոնում ամեն օրվա պես, այսօր էլ եռուզեռ էր: Աշակերտների համար ամենասպասված դասաժամն էր` հրուշակագործության խմբակի գործնական պարապմունքները: Նրանք արդեն հասցրել են սովորել հրուշակագործության մի շարք գաղտնիքներ և ամենակարևոր բանը, որպեսզի պատրաստածը համեղ լինի` պետք է անհրաժեշտ բաղադրիչներին ավելացնել նաև մեկ բաժին սեր, մի քանի բաժին ժպիտ ու նաև լավ մաղթանք, որպեսզի համտեսողը գոհանալուց բացի նաև երջանկանա թեկուզ մի քանի ժամով: Սա մրցակցության հարթակ չէ. ամեն մեկն իրենից մի մասնիկ է դնում գործի մեջ ու արդյունքն էլ մեկը մյուսին նման չէ: Այս գործնական պարապմունքը յուրահատուկ էր նրանով, որ մեր սաներին միացել էին նաև մեր սիրիահայ աշակերտները: Արևելյան քաղցրավենիքների անուշաբույր համին սովոր աշակերտները շատ բան ունեն այստեղ սովորելու ու նաև սովորեցնելու իրենց ծնողների խոհանոցից վերցրած գաղտնիքներից: Ահա բարեկամության այսպիսի դաս, որը նրանց կապեց հավիտյան, որովհետև ոչինչ այնպես չի մտերմացնում, որքան միասին պատրաստած կերակուրը: