Հրաժեշտի թախիծ
Հրաժեշտի թախիծ՝ ուրախ օրերի ու լավ ապագայի մաղթանքներով
Նրանք քիչ չեն, նրանց ճակատագիրն էլ երջանիկ չես համարի․ տարբեր իրավիճակներում հայտնված այս երեխաները հիմա արդեն չափահաս են, մտնում են հասուն կյանք։ Անցյալում են մնացել տխուր ու ցավոտ հիշողությունները և նրանք նոր կյանք իրենց հետ կտանեն այն լուսավորն ու մարդասիրականը, որով տարիներ շարունակ շրջապատված են եղել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի օգնությամբ։
Այսօր էլ, ինչպես և ամեն օր, հանդիպում ենք նոր երեխաների, որոնք նույնպես ունեն մեր օգնության կարիքը։ Նրանց կարիքը ժամանակի ընթացքում դառնում է նաև մերը, սկսում ենք ապրել նրանց հոգսերով, ուրախանում նրանց հաջողություններով։ Այս երեխաներն ի վերջո դառնում են մի մեծ ընտանիքի անդամներ, որտեղ բոլորն են հարազատ։ Հիմա հրաժեշտ ենք տալիս ավագներին։ Այս երիտասարդներին հանդիպել ենք տարիներ առաջ, երբ նրանք դեռ շատ փոքր էին ու հիմա իրենց վաղ մանկությունից շատ բան չեն էլ հիշում, իսկ մենք հիշում ենք բոլորին, հիշում ենք անուն առ անուն, հիշում ենք այն ճանապարհը, որն անցել ենք նրանց հետ՝ շնորհիվ մեր բարեգութ ու գթասիրտ հովանավորների, ինչպես նաև մեր թիմի համատեղ աշխատանքի օգնությամբ։ Այդ հիշողությունները ոչ միշտ էին ուրախ, բայց այսօր արդեն կարող ենք ասել, որ մենք ուրախ ենք, քանի որ նրանք ուրախ են: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամում ուրախ տրամադրություն էր.
Լուսինեն, Վարդուհին, Ալբերտը, Կարենն ու Մարիամն իրենց հովանավորներին ուղարկեցին մանկությունից հասուն կյանք տանող հրաժեշտի ու երախտագիտության իրենց խոսքերը, ստացան հովանավորների կողմից իրենց համար նախատեսված հատուկ նվերները:
«Մենք «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի շահառու ենք եղել 2001 թվականից։ Այս տարիներին ամենակարևոր բանը, որ մեր մեջ ձևավորվել է՝ մտածելակերպն է։ Մենք սովորել ենք դիմացինին նկատել, լսել, սիրել ու հարգել: Հիմա կամավոր հիմունքներով աշխատում ենք տարբեր կազմակերպությունների համար ու փորձում պիտանի լինել: Սա մենք սովորել ենք մեր հովանավորներից ու «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի աշխատակիցներից»:
Այս երեխաների հետ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն աշխատել է դեռ 2001 թվականից։ Մինչև օրս մենք ուղեկցել ենք նրանց և ապրել նրանց հոգսերով:
Հիմա նրանց մեծ մասը բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ են, ձեռք են բերում իրենց նախընտրած մասնագիտությունն ու վաղուց արդեն դուրս են եկել օգնություն ակնկալողի կարգավիճակից և իրենք են պատրաստ օգտակար լինել իրենց ընտանիքին, հասարակությանը, պետությանը…
Մարդուն կարող ես հաց տալ ամեն օր, ամեն օր հոգալ նրա այլ կարիքները, բայց չկարողանաս բավարարել նրա ամենակարևոր պահանջը՝ ես-ը հաստատելու, բայց ոչ եսակենտրոնանալու պահանջը։ Օգնություն ակնկալողի հոգեվիճակից դուրս գալը մեծ հաղթանակ է կարիքավոր մարդու համար։ Այսօր մենք երջանիկ ենք, որ մեր հովանավորների, մանկավարժ-հոգեբանների, բժիշկների, մեր ողջ թիմի ու կամավորների օգնությամբ կարողացել ենք շատ կարևոր բաներ փոխել այս երիտասարդների կյանքում, որ նրանք կայացել են որպես անհատականություն և անհատ դառնալու ճանապարհին են։ Մեր գործունեությամբ նրանց սովորեցրել ենք անտարբեր չլինել ուրշի կարիքի հանդեպ, սովորեցրել ենք օգնել ոչ թե ավելցուկից, այլ սեփական բաժնից։ Աստված թող օրհնի նրանց ճանապարհը ու բոլոր այն բարի մարդկանց, ովքեր ունեն զոհաբերող սիրտ։
Մենք Ձեզ սիրում ենք։ Բարի ճանապարհ դեպի մեծ կյանք: