Հովանավորների այց` 2016

Մենք ուրախ էինք այս տարի ևս հանդիպելու մեր սիրելի հովանավորներին Շվեյցարիայից, որոնց ուղևորությունը Հայաստան ամռան ընթացքում արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել: Հյուրերին ողջունեցինք «Հույսի Ավան» թաղամասում գտնվող ուսումնական կենտրոնում: Հիմնադրամի տնօրեն Բարույր Ջամբազյանը պատմեց Հիմնադրամի գործունեության և «Հույսի Ավան» թաղամասի հիմնադրման մասին: Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին «Հույսի Ավան» թաղամասում: Նրանք այցելեցին նաև բնակիչներին  և ծանոթացան նրանց բնակարանային պայմաններին, լսեցին ընտանիքների պատմությունները, թե ինչպես են տարբեր պատճառներով անօթևան դարձած մարդիկ այստեղ գտել  իրենց տունն ու տանիքը և կարող են ապրել արժանապատիվ պայմաններում: «Դիակոնիա»-ի ուսումնական կենտրոնում հյուրերը հանդիպեցին կարի դասընթացին մասնակցող աշակերտներին և ծանոթացան ուսումնական ընթացքին: Նրանք հաճելիորեն զարմացած էին աղջիկների կարած գեղեցիկ հագուստներով: Հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրամասում էլ հյուրերին պատմեցինք հրուշակագործության դասընթացի մասին: Հյուրերը եղան թե տեսական դասասենյակում, թե արտադրամասում և կարողացան տեսնել պայմանները, որտեղ պատանիները ստանում են հրուշակագործի մասնագիտական կրթություն: Մեր սիրելի հովանավորներն այնուհետև ներկա գտնվեցին համերգին, որը նրանց համար պատրաստել էին մեր տաղանդավոր շահառու երեխաները: Երեխաները նվագեցին, երգեցին և ներկայացրեցին հատուկ հյուրերի համար բեմադրված հայկական ժողովրդական պար: Համերգից հետո հովանավորները հանդիպեցին իրենց  հոգածության տակ գտնվող երեխաներին, որոնց տարիներ շարունակ հովանավորում և աջակցում են: Բոլորը միասին համտեսեցին ուսումնական կենտրոնի աշակերտների պատրաստած համեղ պիցցան և քաղցրավենիքները: Հովանավորները և երեխաները հնարավորություն ունեցան մի քանի ժամ անցկացնել իրար հետ` զրուցել, նվերներ փոխանակել, պարել, մասնակցել տարբեր խաղերի և միասին վայելել ժամանակը: Միջոցառման ավարտին  հովանավորները և երեխաները խաղաղության բարեմաղթանքներ գրեցին թերթիկների վրա, որոնք ժապավեններով կապված էին փուչիկներին, և միասին իրենց ցանկությունները բաց թողեցին երկինք` խորհրդանշելով ամբողջ աշխարհում խաղաղության մեր միասնական ցանկությունը: