Հետաքրքիր և արդյունավետ անցկացրած ժամանակ
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը լուսադեմին կրկին ճամփա է ընկնում․ հեռավոր սահմանամերձ գյուղեր հերթական այցելությունն է։ Նպատակը Հիմնադրամի շահառու ընտանիքներին այցելությունն է:
Այցելության ծրագրով նախատեսված է նաև Չարենցավանի համար 6 հիմնական դպրոցը: Եռանդուն ու աշխատասեր տնօրենը մեզ դիմավորեց հենց բակում երեխաների հետ: Միանգամից հասկացանք, թե ինչ դպրոցի հետ գործ ունենք: Առողջ դպրոցականների կողքին նկատեցինք նաև տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող երեխաների: Սահմանափակ հնարավորություններն ակնհայտ էին, սակայն այնքան խանդավառություն կար երեխաների մեջ, որ նրանց հետ զրույցն իրական հաճույք էր պատճառում մեզ։ Նրանք տեղեկացված էին, ապագայի հանդեպ լավատեսությամբ լցված, հասուն մտքեր էին արտահայտում։ Մի պահ անգամ մոռացանք, որ նրանք տարբերվում են մյուսներից։
Դպրոցի հոգսերը շատ են, բայց կան այդ հոգսերը կիսել ցանկացող անհատներ: Հաշմանդամություն ունեցողներին առաջին օգնող ձեռքերը հենց նրանք են` դպրոցի մյուս սաները:
Աննկարագրելի հպարտությամբ լցվեցինք, երբ տեսանք, թե ինչպես են երեխաները հոգ տանում իրենց ընկերների մասին։ Երեխաների հետ զրույցի արդյունքում ծնվեց ոչ մայրաքաղաքային համայնքներում զբաղվածության խմբակներ սեղծելու գաղափարը։
Հիմնադրամը Երևանում արդեն ուներ «Դիակոնիա Փարոս»-ի կողմից կազմակերպվող կարուձևի, ձեռագործության, լեզուների, շինհմտությունների խմբակների կազմակերպման հաջողված փորձ, ստացած գիտելիքներով արդեն դրամ վաստակող շրջանավարտներ, ամենօրյա զբաղմունք ունեցող դպրոցականներ ու պատանիներ։
Գյուղական համայնքներում երեխաները և պատանիները զրկված են այսպիսի խմբակներ այցելելու հնարավորություններից: Արհեստավարժ ուսուցիչները պատրաստ են համապատասխան նյութեր ունենալու դեպքում իրենց տարիների փորձն ու հմտությունները փոխանցել հաջորդ սերնդին, կրթել ու պատրաստել ընտանիքի համար պիտանի արհեստներ ունեցող մայրեր ու հայրեր:
Համայնքում երեխաներն իրենց ուժերով կազմակերպել են զբաղմունքի իրենց անկյունը: Մենք այցելեցինք նաև նրանց ու ապրեցինք մեծ ոգևորություն: Սենյակը կիսաքանդ էր, բայց միայն արևի լույսը ու երեխաների մեծ ցանկությունը բավական էր, որ այդ անշուք անկյունը տաք ու տրամադրող թվար: Դպրոցի տնօրեն պարոն Ղավալյանն աջակցում է երեխաներին ինչով կարողանում է, բայց․․․ բաց-եր շատ կան:
Դասասենյակը պետք է նորոգվի: Աշխատուժ գյուղում կա, նրանց պակասում է շինանյութը: Այս երեխաների ծնողները պատրաստ են կամավոր հիմունքներով նորոգել դասասենյակը, սակայն շինանյութ, դուռ, պատուհաններ է անհրաժեշտ գնել:
Երեխաներն իրենց ունեցած միջոցները խնամքով դասավորել էին պոլիէթիլենային տոպրակների մեջ․ այդպես գոնե փոշուց պաշտպանված կլինեն: Դասասենյակում եղած պահարանները տասնամյակներ շարունակ օգտագործվելու ընթացքում արդեն մաշվել են ու նորոգելն անհնար է:
Շատերս, լինելով նախկին գյուղաբնակ, լավ հիշում ենք, որ ժամանակին ամեն գյուղ ուներ կինոսրահ, խաղահրապարակ, գյուղաբնակ երեխաների համար դպրոցին կից կազմակերպվում էին տարբեր խմբակներ` ազգագրական երգ, պար, ասմունք, խալեգործություն, շյուղագործություն: Այդ նույն համայնքների երեխաներն այսօր ունեն զբաղվածության ու պիտանի մի բան սովորելու խնդիրներ:
Այս նախագիծը կլինի շարունակական: Առաջին խմբակները կբացվեն Չարենցավանի դպրոցի մոտ 30՝ 10-15 տարեկան երեխաների համար, որոնց թվում կան նաև հաշմանդամ երեխաներ: Խմբակներ կբացվեն նաև Ճամբարակի երկու գյուղական համայնքների նույն թվով երեխաների համար: Անհրաժեշտ է մասնակի նորոգել ու կահավորել մեկ դասասենյակ, կգնվեն գունավոր թելեր, շյուղեր, հելյուններ, ասեղներ, կտորներ, գունավոր ուլունքներ: Նախատեսվում է կազմակերպել երեխաների աշխատանքների ցուցահանդես- վաճառք ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ Հայաստանից դուրս: Այս երեխաների խնդրանքով կկազմակերպվի այցելություն Հայաստանի արվեստների թանգարան, գորգագործության ֆաբրիկա, որպեսզի ավելի հմուտ վարպետներից նրանք կարողանան ստանալ խորհուրդներ, վարպետության դասաժամեր: Հովանավորների այցելություններին ներկա կգտնվեն լավագույն աշակերտներն ու կներկայացնեն իրենց աշխատանքները: Այս ամենի արդյունքում կունենանք բարեգործության նոր որակ, այն է` մարդուն տալ կարող և պիտանի լինելու կարևորագույն զգացումը, հնարավորինս շատ երիտասարդների դուրս բերել պարապության ու անգործության ճահճից, հեշտացնել ապագայում մասնագիտություն ընտրելու գործընթացը, ձևավորել ավելի բաց ու զարգացած անհատներ: Լավագույնները կստանան ավարտական վկայականներ, ինքնուրույն աշխատելու համար նյութեր ու դրական, անգնահատելի լիցքեր, ինչն այս երեխաներին շատ է անհրաժեշտ: