Ընտանիքի միջազգային օր

Մայիսի 15-ը Ընտանիքի միջազգային օրն է:

Կյանքում կան արժեքներ, որոնք մեր մտածողության մեջ հաստատված են որպես դոկտրինալ ընկալում: Ընտանիքը հին կատեգորիա է, այն ավելի հին է քան եկեղեցին: Ընտանիքը մարդու զարգացման պատմության մեջ էվոլյուցիոն լուրջ ու կարևոր գործոն է, այն հասարակության ձևավորման հիմնաքարն է՝ բջիջը: Տարբեր ժամանակներում ընտանիք արժեքի պատկերացումները տարբեր են եղել, ընդհուպ մինչև բազմակնություն: Այսօր էլ աշխարհում ընտանիքի տարբեր մոդելներ կան ձևավորված, բայց նոր ուխտով հաստատված ընտանիքի քրիստոնեական մոդելը հիմնված է հակառակ սեռերի փոխադարձ սիրո, հարգանքի, հոգատարության և ներելու ուժի վրա: Իհարկե, աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններն իրենց ազդեցությունն են թողնում նաև ընտանիքի վրա, ցավոք` ոչ դրական առումով: Ամուսնալուծություններին, անհայրությանը կարծես թե մարդիկ սկսում են սովորել, բայց այստեղ մեծ վտանգ կա, թե՛ նույն ընտանիքների, թե՛ երեխաների համար: Խեղված ճակատագրով, դառնացած սրտով, չստացված կյանքից չարացած կինը, տղամարդը կամ երեխան հաճախ չեն կարողանում լիարժեք կյանքով ապրել: Ուզում եմ` մի պահ մտածենք այս հարցի շուրջ, լո՛ւրջ մտածենք, քանի որ հայկական ավանդական ընտանիքը միշտ օրինակ է եղել. տղամարդը տան գլուխը, իսկ կինն օջախի պահապանը՝ լի հոգատարությամբ, թե՛ երեխաների, թե շրջապատի ու տան մեծերի նկատմամբ: Հիմա էլ շատ բան չի փոխվել, սակայն հաճախ կանայք ամուսնուն հավասար ստիպված են լինում հոգալ ընտանիքի կարիքները կամ երեխաներին փոխարինել բացակա հորը:

Այսօր Ընտանիքի միջազգային օրն է: Լավ է, որ ունենք ընտանիքին նվիրված տոն, պետք է ունենանք այսպիսի ոչ թե մեկ, այլ` 365 օր, քանի որ ընտանիքն այն ուժն է, որն օգնում է ապրել՝ ստեղծել ու արարել, այն ջերմ անկյունն է, որտեղ նույնիսկ ձախողումների ժամանակ քեզ սպասում են սիրով և ուժ տալիս, ընտանիքի շնորհիվ է ամրանում ու զարգանում  պետությունը, հզորանում բանակը, աճում ժողովրդի բարեկեցությունը: Փորձեք ապրել այդ մեծագույն երջանկությունը, կազմեք ընտանիքներ, ունեցեք երեխաներ ու պահպանեք նրանց ամեն կերպ, և ամեն վայրկյան փառք տվեք Աստծուն տրված պարգևի համար: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ, Աստված թող պահապան լինի բոլորիս ընտանիքներին:

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի նախագահ՝ Բարույր Ջամբազյան