Երևանն իր ողջ գույներով

Մենք տեսանք Երևանն իր ողջ գույներով…
«Դեռևս դպրոց հաճախելիս մեզ սովորեցնում էին հայրենիքի մասին երգեր ու ոտանավորներ, բայց հաճախ այդ տողերն արտասանում էինք առանց հասկանալու դրանց իմաստը, սակայն երբ մեզ ուսուցիչը բացատրեց «Հայրենիք» բառի իմաստը հասկացանք, որ Հայրենիքը մայր է, իսկ Երևանը մայրաքաղաք: Երեխաներով շատ ենք եղել մեր գյուղի ու անտառների տարբեր մասերում, նույնիսկ անգիր կարող ենք թվարկել ամեն ծակ ու ծուկ, որը կապում է մեզ մեր ծննդավայրի հետ, սակայն միշտ երազել ենք տեսնել մեր մայրաքաղաքը՝ Երևանն իր ողջ գույներով: Հիշում ենք, երբ այդ երազանքի մասին առաջին անգամ պատմեցինք «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամից մեզ այցելած խմբին, երբ հարցրեցին, թե ինչի՞ մասին եք երազում և նրանցից մեկն ասեց, եթե դուք մեզ վստահում եք Ձեր երազանքը, ուրեմն մեզ հետ կիսում եք նաև Ձեր անգին գանձը: Այսօր երբեմնի երազանքն այլևս մեզ համար իրականություն է, որի մասին կարող ենք խոսել անվերջ, քանի որ հուզմունքն ու տպավորությունները շատ են: Նույնիսկ չէինք էլ կարող պատկերացնել, որ մի ամբողջ օր կմասնակցենք երևանյան շրջագայության՝ Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, Կասկադ, Մանկակական Պատկերասրահ, Մետրոպոլիտեն, Պոնչիկանոց և այլ հետաքրքիր ու հիշարժան վայրեր: Իսկ Սիթի Բուսը մի աննկարագրելի անակնկալ էր: Արդեն կարող ենք ասել միաձայն, որ Երևանի համար պատասխանատու ենք նաև մենք, և պետք է անենք ամեն ինչ, որ մեր մայրաքաղաքն ավելի գեղեցկանա ու դառնա մեր բոլորի Մեծ Տունը, ուր կկարողանանք գալ յուրաքանչյուր հնարավորության դեպքում: Հուսանք, որ սա մեր վերջին հանդիպումը չէր և նման առիթներ նորից մեզ կընձեռեն»:
Ոչ հաճախ է լինում, երբ ինչ-որ բան անելու համար բավական է միայն բարի կամքը, անհրաժեշտ է նաև քաջություն ու մեծ սիրտ այդ ամենը սկսելու ու կյանքի կոչելու համար: Այս ամենը կարևորում ես, երբ ցանկանություն կա ինչ-որ բան անել ավելի խոցելի խավին պատկանող երեխաներին օգնելու համար: Երեխաներին անմոռանալի օր ու երջանիկ պահեր պարգևելու համար շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավորին, որի շնորհիվ իրականություն դարձավ 30 երեխայի երազանք: Շնորհակալություն նաև Երևանի քաղաքապետարանին /Yerevan Municipality մեր քաղաքը հետաքրքիր ու էլ ավելի գունեղ դարձնելու համար: Մենք ևս լիահույս ենք, որ շնորհիվ բարի մարդկանց հնարավորություն կունենանք իրականություն դարձնել գյուղական համայնքներում բնակվող բազմաթիվ երեխաների երազանքը:
Օգնեք մեզ իրականություն դարձնել նման երեխաների երազանքը, փոխել նրանց առօրյան, նրանց կյանքը գունավոր դարձնել, հոգատարությամբ և սիրով շրջապատել, վստահություն ու ավելի լավ կյանքի հույս ներշնչել, նրանց կարիքներն ինչ-որ չափով լրացնել. հարազատ ու օտար չդասակարգելով: 
Օգնիր, որ փոխես…