Ապրիլն ապրելու համար է…

Մեր պատմության մեջ կան օրեր, որոնք չհիշել չե՛նք կարող, պարզապես մոռանալու իրավունք չունե՛նք: 20-րդ դարի ողբերգություններից մեկը`Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանցից քչերն են այսօր մնացել, բայց նրանց վավերագրական հիշողություններն անհերքելի փաստերով պահպանվում են՝ պատմվելով ու փոխանցվելով սերունդէ սերունդ: Արդեն ավելի քան մեկ դար է անցել, բայց մենք ամեն տարի` ապրիլի 24-ին գնում ենք 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Մտածվա՞ծ, ծրագրվա՞ծ, թե՞ հեռուն տանող նպատակով հարցը դեռ մի հարյուր տարի էլ կտանք, բայց ապրե՛լ է պետք…
Ի ուրախություն մեզ` այսօր «Հայկական հարցն» այլևս այն հարթության վրա չէ , որը տարիներ շարունակ ձուլվում էր մեծ քաղաքականության կաթսայում: Այսօր արդեն իսկ աշխարհի մի շարք երկրներ 1915 թ.-ի ապրիլի 24-ին տեղի ունեցածը պաշտոնապես ճանաչել են որպես ցեղասպանություն, դրանով իսկ սատարելով մեր իրավունքի միջազգայնացմանը: Դրա վառ ապացույցներից մեկը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպված միջոցառումներն էին, որոնք միտված էին ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված դեպի նոր ապագա տանող քայլերի, իրենց մեջ կրելով նաև հարցի լուծման կարևոր պատգամ: Ինչևէ, պետք է ապրել, ապրել հայ մնալով, հայ դաստիարակելով, հայերենն անաղարտ պահելով, Հայաստանը, մարդկանց սիրելով, հավատը չկորցնելով, ոչ միայն այսօր՝ հարգանքի և խոնարհման տուրքի օրը, այլ ամեն օր՝ մեր տեսակը պահելու գիտակցումով, որպեսզի շարունակենք լինել հայ, որպեսզի մեր Հայաստանն ապրի, մեր հավատը չանէանա առօրյա հոգսի, անհարկի չարչարանքների մեջ, որոնք շատ հաճախ մենք ենք մեզ համար ստեղծում: Աշխարհում մեր վերապրածով մենք մենակ չենք. մեր ճակատագիրը կիսել են նաև այլ ժողովուրդներ, բայց շարունակում են նայել վաղվա օրվան ոչ որպես զոհ: Իհարկե, անցյալն անտեսելով ու մոռանալով ապագա չենք կառուցի, բայց միայն անցյալից կառչելով ու վրեժով լցված սրտով էլ ապագա չենք ունենա: Ուզում եմ, որ միշտ հիշենք կատարվածը, բայց ապրե՛նք` հիշելով, որ կարող ենք էլի կորցնել, եթե չապրենք որպես քրիստոնյա, որպես հայ՝ չկորցնելով մեր տեսակը: Պետք է կարեկից լինենք կողքինի հոգսին, և դիմացինից ինչ-որ բան պահանջելուց առաջ մի պահ մտածենք` ի՞սկ ինչ կարող եմ տալ ես…

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի նախագահ՝ Բարույր Ջամբազյան