Այց Վանաձորի մանկատուն
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մանկատանն էր:
Այսօր «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը՝ փոխտնօրեն Աննա Ջամբազյանի ղեկավարությամբ այցելեց ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող մանկատուն ՊՈԱԿ, որի վերանորոգման աշխատանքները կատարվել էին «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի աջակցության շնորհիվ: Ներկայիս մանկատան շենքը նախկինում ծառայում էր որպես մանկապարտեզ, այն դարձավ որպես մանկատուն 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, երբ հազարավոր երեխաներ որբ մնացին և նրանց ինչ որ կերպ անհրաժեշտ էր ծածկի տակ առնել, այդ իսկ պատճառով կառավարությունը ստիպված էր այն մանկապարտեզից վերափոխել մանկատան: Անցել է արդեն 28 տարի, մեծացել են նաև երկրաշարժից որբացած երեխաները՝ լքելով մանկատունը, բայց ցավալին այն է, որ նրանց փոխարինելու են եկել նորերը, ովքեր տարբեր պատճառներով այսօր զրկված են ծնողական հոգատարությունից ու խնամակալությունից: Այսօր մանկատանը ապրում է 78 երեխա՝ նորածնից մինչև 18 տարեկան: Շատ ցավալի էր տեսնել, որ այս երեխաները զրկված էին ոչ միայն ծնողական խնամքից ու գուրգուրանքից, այլ նաև բարեկեցիկ պայմաններում ապրելու իրենց իրավունքից: Այս հանգամանքը չէր կարող անտարբեր թողնել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի տնօրինությանը, որն արեց հնարավոր ամեն բան` բարելավելու մանկատանն ապրող երեխաների կյանքը: Նախկինում երեխաներին չէին բավարարում նույնիսկ անկողնային պարագաները, նրանք զրկված էին անգամ խաղասենյակից, երեխաների խնամքը կազմակերպելու համար հրատապ հարց էր նաև լվացքատան ու լվացքի մեքենաների մասամբ կամ ամբողջական բացակայությունը, բայց այսօր արդեն այդ ամենն անցյալում է, և ուրախությամբ կարող ենք արձանագրել՝ նախկին խնդիրներն այլևս լուծված են, և մանկատունն այսօր ապահովված է անհրաժեշտ բոլոր պարագաներով՝ սպիտակեղենից մինչև լվացքի մեքենա և խաղասենյակ: «Երեխաներին վերաբերող ծրագրերում ներդրում կատարելը ոչ միայն բարոյական, սոցիալական կամ տնտեսական պարտավորություն է մեզ համար, այլ նաև սրտի գործ, իսկ սրտով արված գործը խոսքով չի սահմանափակվում: Այսօր «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը փորձում է իրականացնել զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք խոստումնալից տեսլական ունեն երեխաների և դեռահասների առողջության պահպանման գործընթացում: Մեզ հարկավոր են այս ներդրումները, քանի որ դրանք կարևոր են ոչ միայն այսօրվա երեխաների, այլ նաև մեր ազգի կայունության ու բարգավաճման գործընթացի համար»,- նշեց «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Աննա Ջամբազյանը: