Արտուշ Սանոսյան

Արտուշ Սանոսյանը 12 տարեկան է: Ապրում է բժիշկների ընտանիքում: Արտուշի հայրը բժիշկ-ռենտգենոլոգ է, մայրը` լաբորանտ, հայրական պապիկը սրտաբան, տատիկը մանկաբույժ է: Թվում է` երեխայի առողջ մեծանալու համար մասնագիտական օգնությունը ցանկացած պահի չի հապաղի: Բայց ընտանիքը կանգնեց մի իրողության առաջ, որի դեմ անգամ հարազատների փորձառությունն անզոր էր…

2014-ի մարտի 4-ին երեխային հագուստ հագցնելիս մայրը դնչի տակ գունդ է նկատում: Մտածում են` կիստա է, բայց ապահովության համար մի քանի անգամ սոնոգրաֆիկ հետազոտության են տանում, բիոքիմիական անալիզներ հանձնում և կոլեգաների հետ որոշում են դիմածնոտային ուռուցքաբանական բաժնում վիրահատություն կատարել: Վիրահատությունից առաջ կատարվող անհրաժեշտ հետազոտության ժամանակ պարզվում է, որ ուռուցքն ավելի խորն է` կոկորդային, և Երևանում այն հետազոտելու, առավել ևս վիրահատելու հնարավորություն չկա: Արտուշին շտապ տեղափոխում են Մոսկվա:
«Բլոխինի անվան պետական ուռուցքաբանական գիտահետազոտական մանկական կենտրոն»-ում բոլոր տեսակի ստուգումներից, բիոպսիայից հետո պարզվում է, որ երեխայի մոտ սարկոմա տեսակի ուռուցք է: Անհապաղ նշանակվում է 12 կուրս քիմիոթերապիա և 1,5 ամիս ճառագայթային բուժում: Բժիշկների ընտանիքն աշխատանքի բերումով շատ-շատ էր անշահախնդիր օգնել ծանր վիճակում հայտնված մարդկանց: Հիմա, անձամբ հայտնվելով այս չարագույժ փաստի առաջ, մի պահ կորցնում են ինքնատիրապետումը, հետո արագ կողմնորոշվում են և հավաքում թերապիայի համար անհրաժեշտ գումարի զգալի մասը: Սրտաբան պապիկը չի խնայում ոչ մի բան, անգամ իր և կնոջ ամուսնական մատանին: Երեխան թերապիան պետք է անցներ 4 փուլով, որի համար անհրաժեշտ էր 50000$: Երրորդ փուլից հետո մնացած գումարը հավաքել չէր ստացվում:
Մարդկանց մի տեսակ կա, որոնց համար դժվար է թակել ուրիշների դռներն ու գումար խնդրել. չէ՛, դա անպատվություն չեն համարում, ուղղակի, ինչպես տղայի պապիկն էր ասում, -«Համոզված եմ, որ չեք զարմանա, եթե ասեմ` միայն հեշտ է խոնարհվել և ծնկի գալ Աստծո առջև, Նրանից ներում խնդրել և ողորմություն, իսկ այսպես, կներեք, խնդրել մարդկանցից գումար, դժվար է և ամոթ»:
Ծանր է լսել ուրիշի ողբերգության մասին, իսկ եթե այն կապված է երեխայի հետ, ու եթե վիճակն այնպիսին է, որ օգնել հնարավոր է, պարզապես անհրաժեշտ գումարն է պակասում, չօգնել, չհասնել չես կարող:
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի նախագահ Բարույր Ջամբազյանն անտարբեր չէր կարող գտնվել երեխայի, նրա հարազատների ցավի հանդեպ: 1,400 000 դրամ գումար փոխանցվեց այս երեխայի կյանքի փրկության համար: Գումարի չափն էական չէ. կարևորն այն է, որ անտարբեր չգտնվես ուրիշի ցավի հանդեպ, հատկապես այն դեպքերում, երբ քո որոշումից, քո քայլից կարող է փոխվել մեկի կյանքը, կարող է փրկվել մեկը:
Արտուշի փոքր եղբայրը` Դավիթը, սպասում էր եղբոր վերադարձին: Արտուշը վերադարձավ` բուժված:
Բուժումն ավարտվել է 2015թ. մարտին, սակայն Արտուշը պետք է 3 ամիսը մեկ (հաճախականությունը` ըստ բժիշկների նշանակման) շարունակական հետազոտումներ անցնի Մոսկվայում: Ամեն անգամ ծախսվում է մոտ 800.000 – 1.000.000 դրամ ճանապարհածախսի, մնալու և հետազոտման համար: Հետազոտումը պետք է, որպեսզի բժիշկները հստակ տեսնեն, որ ուռուցքը չի կրկնվում, իսկ կրկնվելու դեպքում նորից պետք է բուժում ստանա: Մինչ այժմ հետազոտությունները դրական են եղել, բայց անհրաժեշտ գումարը շատ մեծ է:

Ծնողի համար չկա ավելի մեծ երջանկություն, երբ երեխադ ողջ է ու առողջ: