Օգնենք նրան, ով կրկին ուզում է ոտքի կանգնել

Բոլոր մարդիկ կյանքում ունեն երազանքներ և նպատակներ, որոնք ծրագրում են իրականացնել, բայց ամեն պահի կյանքը կարող է այնպիսի անակնկալներ մատուցել, որ այն, ինչի մասին երազում ես, կորցնում է իմաստը։ Աշխարհահռչակ երաժիշտ Ջոն Լենոնը մի առիթով ասել է ․«Կյանքն այն է, ինչ պատահում է քեզ, երբ դու զբաղված ես այլ ծրագրեր մշակելով»:   

Աիդան (27 տարեկան) նույնպես ուներ երազանքներ և չէր կարող պատկերացնել, թե ինչ դժվարություններ էին իրեն սպասվում ․․․

Աիդան ծնվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում: Հովհաննեսը (60 տարեկան)՝  նրա հայրը, Ջերմուկում  աշխատել է որպես ապրանքագետ, մայրը՝ Հռիփսիմեն (55 տարեկան), տնային տնտեսուհի է եղել:  Աիդան ընտանիքի երրորդ դուստրն է: Նրա ծնունդից երկու տարի անց ծնողները նաև որդի են ունենում։ Մեծ ընտանիք՝ մեծ ու փոքր հոգսերով և ուրախություններով։ Մի օր փակվում է այն կազմակերպությունը, որտեղ աշխատում էր ընտանիքի հայրը:  4 երեխաներին պահելու համար Հովհաննեսը Ջերմուկի առողջարաններից մեկում որպես պահակ է աշխատում, սակայն միայն այդ աշխատանքով ընտանիքը պահել չէր կարողանում: Նա և կինը սկսում են զբաղվել հողագործությամբ և անասնապահությամբ: Աիդան օգնում է ծնողներին:

 ․․․․ 19 տարեկանում Աիդայի մոտ ի հայտ են գալիս  հիվանդության առաջին նշանները: Ծնողներն անմիջապես դիմում են բժիշկներին։ Աիդայի մոտ հայտնաբերում են երիկամների հետ կապված խնդիրներ: Մասնագետները դա կապում են մանկության տարիներին տարած ու մինչև վերջ չբուժված թոքաբորբի հետևանքների հետ:

Որոշ ժամանակ անց  Աիդայի հայրը ավտովթարի հետևանքով  ողնաշարի  լուրջ խնդիրներ է ունենում և գամվում է անկողնուն: Միակ աշխատողը մնում է մայրը։ Նա որպես հավաքարար աշխատանքի է  անցնում առողջարաններից մեկում։ Հոր խնամքը մնում է Աիդայի ուսերին։ Անքուն գիշերները, հոգեբանական և ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անում են իրենց գործը:  Աղջկա առողջական վիճակը կտրուկ վատանում է։ Նրան տեղափոխում են Երևան և անհապաղ վիրահատում։ Աստծո ողորմածությամբ և բժիշկների իմաստության շնորհիվ Աիդան կարողանում է  հաղթահարել այդ իրավիճակը: Աղջիկն այլևս չէր կարող վերադառնալ  Ջերմուկ։ Ընտանիքը տեղափոխվում է Երևան:  Բնակարան են վարձում։ Աիդայի եղբայրը Ֆրիկը (25 տարեկան) անցնում է աշխատանքի։ Օրավարձով բանվորություն է անում շինարարական  նախագծերում։ Արուս տատը (82 տարեկան) թոշակառու է: Աիդան նույնպես ստանում է հիվանդության թոշակ՝ 19.000 դրամի չափով (շուրջ 35 եվրո): Երկու քույրեը՝ Շուշանիկը (35 տարեկան) և Արաքսյան (33 տարեկան), ամուսնացած են:   

Արդեն 2 տարի է Աիդան դիալիզ է ստանում և պետք է շաբաթական 3 անգամ՝ օրական 3 ժամ տևողությամբ պրոցեդուրան անցնի: Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է լինում նաև արյան փոխներարկում, որի համար չեն կարողանում վճարել: Այս հարցի վերջնական լուծումը երիկամի փոխպատվաստումն է (ավելի քան 30.000 ԱՄՆ դոլար), ինչը ընտանիքի ուժերից վեր է։ 

 Հոգեբանական  ծանր վիճակը հաղթահարելու և ընտանիքին ֆինանսապես օժանդակելու համար Աիդան փնտրում էր որևէ աշխատանք կամ մասնագիտական դասընթաց:  Նա շատ ուրախացավ, երբ տեղեկացավ «Դիակոնիա-Փարոս»  հիմնադրամի մասին և որոշեց դիմել: Այժմ նա ՄԿԿ-ում հաճախում է կար ու ձևի դասընթացներին։  «Հոգեկան բավարարվածություն եմ ստանում, հետո էլ  կարողանում եմ շաբաթական մի քանի անգամ մի քանի ժամով մոռանալ առողջական և առօրյա խնդիրների մասին»,- ասում է Աիդան։ Նա իրեն օգտակար է զգում, լցվում է լավատեսությամբ։

Այն հարցին, թե ինչո՞ւ է Աիդան մտադիր աշխատել այս վիճակում, պատասխանում է. «Իմ խեղճ եղբայրը ստիպված է  աշխատել ցրտին, անձրևին և շոգին: Ես ուզում եմ օգնել նրան որքանով  ուժերս կներեն: Ուզում եմ դառնալ լավ դերձակ և տանը պատվերներ իրականացնել: Դա մի մասնագիտություն է, որը միշտ արդիական է և պահանջված»: Ուսուցչուհի Էլլան (52 տարեկան) Աիդայի մասին ասում է․ «Նա շատ ընդունակ է և դասընթացով ոգևորված: Շատ աշխատասեր է և որպես դերձակ լավ  հեռանկարներ ունի: Չնայած հիվանդությանը՝ Աիդան պարտաճանաչ է և գրեթե  չի բացակայում դասերից: Բացի այդ նա բարի է, ունի փափուկ բնավորություն և շատ սիրված է կար ու ձևի դասընթացի մյուս մասնակիցների կողմից»։

«Դիակոնիա-Փարոս» բարեգործական հիմնադրամը  վճարում է նաև Աիդայի՝ ՄԿԿ գնալու և վերադառնալու ճանապարհածախսը, քանի որ նրա ընտանիքն ի վիճակի չէ:

Աիդայի նման մարդիկ օրինակ են նաև առողջ մարդկանց համար: Նրանք ունեն երկաթյա կամք․ դիմակայում են կյանքի մարտահրավերներին, հոգեպես չեն կոտրվում , միշտ պահում են կենսուրախությունը, ուզում են լիարժեք ապրել և օգնել իրենց կողքի մարդկանց։  

Աիդան ՄԿԿ-ի կար ու ձևի դասընթացի ներկա 24 մասնակիցներից մեկն է: Երիտասարդ կանանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը՝ լի դժվարություններով և զանազան խնդիրներով: Նրանք ունեն Ձեր օգնության կարիքը՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու  և մասնագիտության մեջ ինքնուրույնություն ձեռք բերելու համար:

Կար ու ձևի դասընթացը ՄԿԿ-ի հիմնական և ամենածախսատար դասընթացներից մեկն է:

Դասընթացին մասնակցող մեկ անձի ծախսը կազմում է շուրջ 300 եվրո, որը գոյանում է հետևյալ կերպ՝

հումք՝ 110 եվրո,

կոմունալ ծախսեր՝ 40 եվրո,

ուսուցչի աշխատավարձ՝ 150,

_____________________________

ընդամենը՝ 300  եվրո։

24 կարիքավոր կանանց մասնակցությունը կար ու ձևի դասընթացին ապահովելու համար համապատասխանաբար անհրաժեշտ է շուրջ 7200 եվրո:

Աիդայի նման մարդկանց ինքնադրսևորվելու և վաստակելու  հնարավորություն տալով նրանց մռայլ կյանքի մեջ լույսի փոքրիկ շող էք վառում։

 

Շնորհակալություն բոլոր նվիրատուներին, որոնք այս մարդկանց ավելի լավ կյանքի հույս կներշնչեն: Աստված օրհնի օրհնող սիրտը։