Սամվել Շահնազարյան

ծնվ. 11.03.1997թ., ք. Երևան

«Ես իմ գործով ծառայելու եմ մարդկանց»

Սամվելը ծնվեց 1997թ.-ին: Ընտանիքում երկրորդ երեխան, այն էլ արու զավակ, սպասված էր: Ուրախությունն այդ կիսատ մնաց. Նույն տարում հանկարծամահ եղավ տղայի հայրը: Սամվելի քույրիկը` Վարսենիկը, այդ ժամանակ երկու տարեկան էր: Մայրը` Ժաննան, ստիպված էր միայնակ հոգալ իր երեխաների և առողջական լուրջ խնդիրներ ունեցող սկեսրոջ կարիքները: Մասնագիտությամբ լրագրող երիտասարդ կինը կանգնում է անհաղթահարելի դժվարությունների առաջ. աշխատել չէր կարող, բայց ապրել էր պետք: 2000 թվականից այս ընտանիքի կարիքների մասին տեղեկանում են Հիմնադրամում: Սամվելը դառնում է շահառու: Խելացի, լավ դաստիարակություն ստացած այս տղան առաջադիմության հարցում մեծ հաջողություններ ուներ դպրոցում: Շնորհալի է, միտքը պայծառ է, խոսքը` դիպուկ: Մայրիկից ժառանգել է խոսքի ուժով ասելիքը տեղ հասցնելու վարպետությունը: Մանկության տարիներից երազել է դառնալ ազատ լրագրող, ազատ, ոչ թե ուղղորդվող: Նրա երազանքն իրականացավ նաև «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Տղան դեռ ուսանող է, սովորում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի «Լրագրություն» բաժնում: Դեռ երկրորդ կուրսում է, ունի ևս երկու տարի: Ուսման վարձը 340.000 դրամ է: Մայրը վճարունակ չէ: Հիմնադրամը շարունակում է աջակցել այս ընտանիքին: Ուսումը լիարժեք համարվելու և մագիստրոսի կոչման արժանանալու համար Սամվելը 2 տարի էլ ուսումը պետք է շարունակի մագիստրատուրայում: Կշարունակի. բարերար մարդիկ կօգնեն ոչ միայն Սամվելին, այլև մեզ. մեզ ազատ լրագրողներ պետք են, ճշմարիտ խոսքը ժամանակին տեղ հասցնող մարդիկ օգնում են նաև մյուս մարդկանց: