Հողն ինձ կերակրող, ես էլ աշխատանքով` մյուսին օգնող

Շատերս ենք գյուղում մեծացել: Այսօր աշխատում ենք մայրաքաղաքում, գնում ենք շուկա ու կարողանում ենք մեր աշխատանքով գնել ցանկացած մթերք: Կարտոֆիլ գնում ենք համարյա թե ամեն օր: Կարտոֆիլը երկրորդ հաց է համարվում` տապակած, խաշած, տարբեր կերակուրների մեջ: Ամեն անգամ նայում ենք մթերքներին ու մտածում՝ հողը կերակրում է մեզ, պետք է միայն նրան լավ հասկանալ ու չծուլանալ։ Խորհրդային տարիներին բոլորս էինք հողի հետ աշխատում` մեծ, փոքր, երիտասարդ ու ծեր, տղա, թե աղջիկ: Այսօր էլ բոլոր մարզերում հանդիպում ենք ընտանիքների, որոնք պատրաստ են աշխատել, միայն թե նրանց մի քիչ օգնել է պետք` սերմացու, վառելիք, ու այս դեպքում հողը հինգ անգամ ավել վարձահատույց կլինի, հետ կվերադարձնի ընտանիքին սերմացու մյուս տարվա համար, ուտելու համար կարտոֆիլ, նաև կարտոֆիլ որպես կերակուր ընտանի կենդանիների համար՝ հավ, խոզ, կով:
Թթուջուր գյուղն ունի անծայրածիր դաշտեր: Գտնվում է Երևանից 120 կմ հեռավորության վրա, ունի լեռնային կլիմա ու բերրի դաշտավայրեր: Այստեղ այցելել էինք Սարիբեկյանների ընտանիքին: Իրականացրած նախագծի միջոցով ընտանիքի երեք երեխաները, որոնք ապրում են մանկատանը, իրենց հայրական տանը կունենան սենյակ ու կկարողանան ապրել ընտանիքի հետ: Երեխաների մայր Վարսիկը մեզ ցույց տվեց մի սենյակ, որտեղ գետնին լցրած ու նաև պարկերով կարտոֆիլ կար:
– Այս կարտոֆիլը ես եմ մշակել երեխաներիս հետ: Անգամ իմ հինգ տարեկան աղջիկը գիտի ցանել ու մոլախոտը հեռացնել: Ես գիտեմ, որ հողը իմ երեխաներին կկերակրի: Այ եթե բոլորս միասին լինենք, աշխատենք, ես հանգիստ կլինեմ,- ոգևորված ասում էր Վարսիկը։

Գրիգորյանների ընտանիքը պատրաստ է մշակել հողն ու սպասել առատ բերքին: Նրանք էլ ապրում են Արմավիրի մարզի Ոսկեվազ գյուղում: Ալինայի (38 տարեկան) և նրա ամուսնու՝ Վարազդատի (48 տարեկան) համար հեշտ չէ կերակրել իրենց 8 երեխաներին: Վարազդատն ասում է. «Գյուղում կան ընտանիքներ, որտեղ աշխատող ձեռք չկա: Դուք ինձ օգնեք, ես էլ այդ ընտանիքներից մեկի համար կապահովեմ կարտոֆիլ: Ինքս հիմա աղքատ եմ, բայց կարող եմ աշխատել երեխաներիս ու կնոջս հետ: Նույնիսկ իմ ամենափոքր տղա Արմանը (5 տարեկան) պետք է աշխատի: Մենք էլ կօգնենք մի աղքատ ընտանիքի, մեկին, ով հող չունի, կամ աշխատող ձեռք»:

Խոսենք թվերի լեզվով` ավելի տեսանելի դարձնելու համար անելիքը:
Մեկ հա հողատարածքում կարտոֆիլ մշակելու համար անհրաժեշտ է. 3000 կգ սերմացու կարտոֆիլ (կգ-ի արժեքը մոտ 150-200 դրամ), 300 կգ պարարտանյութ (3600 դրամ): Գյուղացին մեկ հա հողից կստանա մոտ 15000 կգ կարտոֆիլ: 1000 կիլոգրամը կբավականացնի նրան մինչև մյուս բերքը որպես սնունդ, նա այդ կարտոֆիլից կպահի իրեն սերմացու: Նաև ուտելու համար նախատեսված կարտոֆիլ կտա իր ոչ աշխատունակ հարևանին և սերմացու մի այլ ընտանիքի, որը պատրաստ է աշխատել:
Սա կարող է լինել նաև եկամուտի աղբյուր, քանի որ կարտոֆիլը կարող է նաև վաճառել ու գումարով հոգալ իր ընտանիքի մյուս կարիքները: Հաջողակ կլինեն իհարկե աշխատասեր ու հողին հասկացող մարդիկ:
Համայնքի ղեկավարներն էլ պատրաստակամ են տրամադրել հող ավելի լայնածավալ ցանքսեր կատարելու համար: Այն համայնքներում, որտեղ համայնքապետերը պատրաստ կլինեն մեծ հողատարածքներ տրամադրել այս նախագծի համար, սերմացուի արժեքին կմիանա նաև հողը տրակտորով վարելու և կարտոֆիլ ցանելու գումարը, մոտ 90 000 դրամ մեկ հա հողի համար: Բայց հետագայում ներդրած գումարի հինգապատիկի չափով բերք ստանալը կփրկի գյուղացուն պարապությունից ու ընտանիքին կապահովի հիմնական սնունդով:

Գրիգորյանների ու Սարիբեկյանների օրինակով ու փորձով Հայաստանի ամբողջ տարածքում ստեղծելով այս հնարավորությունը, հետ կպահենք մարդուն միայն օգնություն խնդրողի կարգավիճակից: Այդ նույն մարդը ինքը կլինի աշխատող ու օգնող:

Այս նախագծի իրականացմամբ կյանքի կկոչենք մի շղթա, ու կկարողանանք 2018 թվականի գարնանը ոչ թե դիմել հովանավորների օգնությանը, այլ նրանց ներկայացնել նախագծին միացող այն ընտանիքներին, որոնց աշխատելու ու վաստակելու հնարավորություն կտան հենց այս տարվա նախագծի մասնակիցները:

«Ես աշխատում եմ ընտանիքիս համար ու նաև մյուսին օգնելու համար ու չեմ պատրաստվում լինել պարզապես օգնություն խնդրողի դերում», միթե կա ավելի ցանկալի իրավիճակ…