Հարություն Կուլիկյան

ծնվ. 08.02.1999թ., ք. Երևան

«Ես կառուցելու եմ իմ երազանքի տաճարը»

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը Կուլիկյանների ընտանիքի կարիքներին ծանոթ է 2002թ.-ից: Սոցիալապես անապահով այս ընտանիքում ծնողներն ունեն առողջական լուրջ խնդիրներ: Հոգեկան հիվանդության պատճառով հաշմանդամ հայրը` Սամվելը, աշխատելու հնարավորություն չի ունեցել և ընտանիքի հոգսի ողջ ծանրությունն ու երեք երեխաների դաստիարակության պատասխանատվությունն արդեն երկար տարիներ ամբողջությամբ երեխաների մոր` Կարինեի ուսերին է: Երեք երեխա, 1-ին կարգի հաշմանդամ ամուսին և տարիների ծանրության բեռից նաև հաշմանդամ դարձած մայր /3-րդ կարգ/: Երեխաներն արդեն մեծացել են, մեծացել են նաև խնդիրները… Հիմա ընտանիքի ապրուստը հոգացողը Հարությունի ավագ եղբայրն է` 27-ամյա Գևորգը: Նա անվտանգության աշխատակից է և ստանում է 60000 դրամ: Հարությունի քույրը` Վիկտորյան, ամուսնացել է և ունի 2 երեխա, բայց ամուսնու հետ ապրում է հայրական տանը: Այսպիսի մեծ ու հոգսաշատ ընտանիքում է ապրում Հարությունը` իր ծածուկ երազանքներով ու մեծ հույսերով: Երազում է ճարտարագետ դառնալ: Տանը դեմ չէին նրա երազանքին, բայց… Ճարտարագիտական քոլեջում ուսման տարեկան վարձը 120000 դրամ է, այսինքն` երազանքը կմնար երազանք, եթե չլիներ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի աջակցությունը: Հարությունն ավարտեց քոլեջը, հետո պիտի բանակ գնա, հետո ծրագրեր ունի. պիտի անպայման ճարտարագետ դառնա: Երբ վերադառնա, կշարունակի ուսումը` Ճարտարագիտական համալսարանում: Գիտի, իրեն խոստացել են, որ անպայման կօգնեն: Այդ օգնությունը 15 տարի զգացել է: Հիմա երազանքները մաս-մաս իրականանում են: Նա դեռ պիտի կառուցի իր երազանքի տաճարն այստեղ` Հայաստանում, և ո՞վ գիտե, գուցե մի օր Հարություն Կուլիկյանի մասին կարդանք հեղինակավոր պարբերականներում, գուցե մի օր էլ նա թևեր տա ուրիշների երազանքին…