Թերեզա Ազատյան

ծնվ. 25.03.1999թ., ք. Երևան

«Մի օր ես անպայման ոտքի եմ կանգնելու»

Հայրը լքեց ընտանիքը, երբ երեխան ծնվեց… հաշմանդամ` կենտրոնական նյարդային համակարգի ծանր հիվանդությամբ` ՄՈՒԿ դիպլեգիա: Կնոջ համար սա ճակատագրի կրկնակի հարված էր, բայց մեղավորներ փնտրելն անպտուղ գործ էր. երեխան ծնվել էր առողջական լուրջ խնդրով, իր երեխան, որին պետք է մեծացներ: Այսպիսի իրավիճակներում մարդուն հասկանալու համար նրա հետ շփվել է պետք, տեսնել առօրյան, բայց նույնիսկ սա քիչ է: Մայրը Թերեզային մեծացնում է դժվարություններով: Հասկանալի պատճառով աշխատել չի կարող: Ճիշտ է, նրան օգնում է թոշակառու մայրը, Թերեզայի հաշմանդամության թոշակն էլ կա, բայց հասկանալի է, որ վիճակը, մեղմ ասած, անմխիթարելի է: Զարմանալի աղջիկ է Թերեզան. անկախ այն հանգամանքից, որ առանց օգնության չի կարողանում տեղաշարժվել, հազիվ է կապակցված մի քանի բառ արտաբերում, սիրում է կյանքը, միշտ ժպտում է: Աղջիկն ուրախանում է, երբ հյուրեր են ունենում Հիմնադրամից: Շատ հյուրասեր է: Այնքան մեծ ձգտում ունի ապաքինվելու, այնքան է սիրում կյանքն ու մարդկանց, որ հավատում է` մի օր ապաքինվելու է: 2008 թվականից Թերեզան «Դիակոնիա» բ/հ հոգածության տակ է գտնվում: Սննդօգնության ծրագրով ամեն ամիս ընտանիքը ստանում է պարենամթերք, մանկաբույժի ուշադրության կենտրոնում է: Աղջկան Հիմնադրամն ամեն ամիս հատկացնում է նաև հոգեմետ դեղեր և տակդիրներ:
Եթե Ձեզ հուզեց այս երեխայի ճակատագիրը, և նրա ընտանիքին օգնելու ցանկություն ունեք, դիմեք «Դիակոնիա» բ/հ գրասենյակ կամ գրեք Հիմնադրամի էլ.փոստի հասցեին: